Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արգենտինայի փոխնախագահի հետ


Լուսանկարը՝ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Ազգային կոնգրեսում հանդիպել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ և խորացմամբ: Նա բարձր է գնահատել հայ - արգենտինյան հարաբերությունների զարգացման ներկայիս քաղաքական մակարդակը և կարևորել երկկողմ բարձրաստիճան այցելությունների, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականությունը: Աբրահամյանի գնահատմամբ` երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ձևավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք են առևտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում լիարժեք համագործակցություն ծավալելու համար: Չնայած Հայաստանի տնտեսության մեջ կատարված արտասահմանյան ներդրումների ծավալով Արգենտինան զբաղեցնում է երրորդ տեղը շնորհիվ անվանի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի խոշոր ֆինանսական ներդրումների, այնուամենայնիվ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին, նշել է Ազգային ժողովի նախագահը՝ անհրաժեշտ համարելով համատեղ ջանքերի շնորհիվ գործնական նոր ասպարեզներ գտնել այդ ներուժն առավելագույնս օգտագործելու համար:

Ամադո Բուդուն բարձր է գնահատել հայ - արգենտինյան բարեկամական հարարաբերությունները և անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը: «Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր ունի հայկական համայնքը, որը կարևոր ներգրավվածություն ունի Արգենտինայի քաղաքական և տնտեսական կյանքում: Հայերը մեծ ներդրում ունեն մեր երկրի բարգավաճման և հզորացման գործում», - ասել է Արգենտինայի փոխնախագահը: Նա կարևոր է համարել նաև Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ - թուրքական հարաբերություններին:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված Արգենտինայի չեզոք դիրքորոշումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել 2006 թվականին Արգենտինայի Ներկայացուցիչների պալատի, ապա նաև Սենատի կողմից ընդունված օրինագծի համար, համաձայն որի` երկրում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Հանդուրժողականության և ազգերի միջև հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Աբրահամյանը Բուդուին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, հրավերը ընդունվել է:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպումը ուղիղ հեռարձակվել է Արգենտինայի կենտրոնական հեռուստատեսությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG