Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ինքը պետք է Հայաստանի հարցում «հստակեցնի իր քայլերը»


ԵՄ-ն ինքը պետք է Հայաստանի հարցում «հստակեցնի իր քայլերը»
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00
Հայաստանի պարագայում առավել քան, ամեն ինչ հստակ է, Հայաստանն այժմ գտնվում է Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում, իսկ առաջիկայում էլ շարունակելու է քայլերը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար: Այժմ Եվրամիությունը ինքը պետք է հստակեցնի իր քայլերը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ չհստակեցնելով, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու հինգշաբթի Վիլնյուսում մեկնարկելիք գագաթնաժողովում:

«Հայաստանի պարագայում ամեն ինչ հստակ է, դրա համար մենք կսպասենք մինչև Եվրամիությունը ևս իր մոտեցումները կհստակեցնի ընդհանուր առմամբ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Դրա համար դեռ ժամանակ կա»,- ասաց Զաքարյանը։

Այսպիսով իշխող Հանրապետականը ընդգծում է, որ Մաքսային միությունից ետ կանգնելու ցանկություն Հայաստանը չունի, և այժմ Եվրամիությունից է կախված, թե ինչպիսին կլինի Հայաստանի հետ հետագա համագործակցությունը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ո՞րն է լինելու Հայաստանի գլխավոր խնդիրը Վիլնյուսում, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ով նույնպես մասնակցելու է գագաթնաժողովին, փոխանցեց, թե փորձելու են շարունակել Եվրամիության հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ օրակարգում ունենալով Հայաստանում ժողովրդավարացման, մարդու իրավունքների և ազատությունների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարման խնդիրները։

Եվրոպացի դիվանագետներն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի, պնդում են, որ հունվարին կամ փետրվարին Եվրամիության անդամները կրկին կհավաքվեն և կքննարկեն՝ ինչ է հնարավոր անել Հայաստանի հետ։ Խնդիրն այն է, որ դեռևս սեղանին է մնում Ասոցացման համաձայնագիրը, որն ամբողջովին բանակցված է, մյուս կողմից՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ։ Եվ այժմ Բրյուսելում հետևում են այս գործընթացին որոշելու՝ կա՞ արդյոք որևէ փոխզիջումային տարբերակ։

Անդրադառնալով այն հարցին, թե այդ ի՞նչ հրաշք է տեղի ունենում, որ և Հայաստանը, և Ուկրաինան վերջին պահին ետ են կանգնում երկար տարիներ բանակցված Ասոցացման համաձայնագրից, Արտակ Զաքարյանն ասաց, թե Հայաստանը որևէ փաստաթղթից ետ չի կանգնել, ավելին՝ տեղի ունեցած գործընթացներում նա մատնանշեց Եվրամիության սխալը:

«Եվ բանակցությունների ընթացքում, և դրանից առաջ, և դրանից հետո երբեք որևէ մեկը չի բացառել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունները առաջնային են, կարևոր են, և Հայաստանի համար միշտ ունեցել են գրավչություն Մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը»,- հայտարարեց Զաքարյանը՝ պնդելով, եվրոպացիները սխալն այն էր, որ անհամատեղելի էին համարում Մաքսային միությունը և եվրաինտեգրացիան։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ եթե Եվրամիության որոշ երկրներ Արևելյան գործընկերությունը տեսնում են որպես աշխարհաքաղաքական խնդիր և փորձում են այլ շահեր փնտրել այդ ձևաչափի մեջ, ապա Հայաստանի համար ձեռնտու չէ լինել այդ գործընթացներում: Հայաստանի համար անընդունելի են ջրբաժանները:

«Ասել՝ «բա ինչու բանակցեցինք, բա ինչու նեղացան...», նեղացողները կարող են նեղանալ, չնեղացողները, ովքեր իրական քաղաքական գործիչներ են, շատ լավ հասկանում են, որ Հայաստանը կատարել է ճիշտ ընտրություն, և մենք առաջին հերթին պատասխանատու ենք մեր ժողովրդ անվտանգության, նրա բնականոն զարգացման և ապագայի համար։ Եվրամիության որոշ երկրներ այլ նպատակներ էին տեսնում Արևելյան գործընկերությունում, բայց բուն Եվրոպան, հին Եվրոպան շատ լավ հասկանում է, շատ լավ գնահատում է և կոնկրետ Հայաստանի պարագայում շատ դեպքերում նույնիսկ ողջունում է Հայաստանի կայացրած որոշումը»,- ասաց Զաքարյանը։

Հայաստանի իշխանությունները պարբերաբար պնդում են, թե Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացրել են ելնելով երկրի շահերից, և որ Ռուսաստանը որևէ ճնշում չի գործադրել: Իշխող Հանրապետականը կարծում է, Ուկրաինայի դեպքում ևս ճնշումներ չեն եղել, և պաշտոնական Կիևը այդ քայլին գնացել է հաշվի առնելով իր շահերը: Մինչդեռ ուկրաինացի պաշտոնյաները չեն էլ թաքցնում, որ Մոսկվան աննախադեպ ճնշումներ է բանեցնում:

«Ուկրաինացիները կատարել են իրենց խնդիրներից բխող որոշում»,- պնդում է Արտակ Զաքարյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը սառեցնելու իշխանության որոշումից հետո Ուկրաինայի ժողովուրդը հարյուր հազարներով դուրս եկավ փողոց, մինչդեռ Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ տեղի չունեցան, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, թե պետք չէ համեմատել անհամեմատելին:

«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է կիսապատերազմական վիճակում՝ երկկողմ փակ սահմաններով, պայթյունավտանգ տարածաշրջանում, ունի բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, իսկ Ուկրաինան գտնվում է Եվրոպայի հարևանությամբ՝ բաց սահմաններով, տնտեսական ռեսուրսներով, և այս պարագայում համեմատությունները, կարծում եմ, տեղին չեն»,- ընդգծեց իշխող կուսակցության ներկայացուցիչը։
XS
SM
MD
LG