Մատչելիության հղումներ

Յանուկովիչ. «Ես ծափահարում եմ հրապարակ դուրս եկած մարդկանց»


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տալիս հեռուստաընկերություններին, Կիև, 26-ը նոյեմբերի, 2013թ․
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տալիս հեռուստաընկերություններին, Կիև, 26-ը նոյեմբերի, 2013թ․

Ուկրաինայի նախագահը վերջին օրերին արդեն երկրորդ անգամ է հրապարակայնորեն ընդգծում, որ ինքը ևս եվրաինտեգրման կողմնակից է:

Կիևի կենտրոնում հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարները երեքշաբթի օրը աջակցություն ստացան ուկրաինական քաղաքական դաշտի ամենաանսպասելի հատվածից` նախագահի նստավայրից: Ուկրաինական առաջատար հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ցուցարարներին իր աջակցությունը հայտնեց երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Ես ծափահարում եմ այն մարդկանց, ովքեր այօր դուրս են եկել փողոց` հանուն եվրոպական ինտեգրման: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր 2015 թվականի ընտրություններին ընդառաջ հրապարակ են դուրս եկել կուսակցական դրոշներով, ապա ես դա ևս շատ լավ տեսնում եմ», - հայտարարեց Յանուկովիչը՝ պատասխանելով հայտնի լրագրող Սավիկ Շուստերի հարցին:

Ուշագրավ է, որ վերջին օրերին Յանուկովիչն արդեն երկրորդ անգամ է հրապարակայնորեն ընդգծում այն հանգամանքը, որ ինքը ևս եվրաինտեգրման կողմնակից է: Չնայած դրան, ըստ Ուկրաինայի նախագահի, առաջիկայում Բրյուսելի հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվելու: Պատճառը՝ ռուսական կողմի դիրքորոշումն է:

«Դեկտեմբերին արդեն պարզ կլինի` արդյոք գարնանը մենք կկարողանանք ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ամեն ինչ կախված է Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքից: Որոշ հարցեր կարող են լուծվել դեկտեմբերին, որոշ խնդիրներ` հունվարին», - նշում էր Յանուկովիչը` միաժամանակ պնդելով, որ Մոսկվային ու Կիևին անհրաժեշտ է փոխզիջումային տարբերակ գտնել: «Երկու կողմն էլ պետք է զիջումների գնան, դա կարող է երկուստեք ձեռնտու լինել», - ասաց Ուկրաինայի նախագահը:

Երեկ երեկոյան իտալական Տրիեստ քաղաքում ռուս - ուկրաինական հարաբերություններին կրկին անդրադարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ Մոսկվան ոչ թե ճնշում է գործադրում Կիևի նկատմամբ, այլ պաշտպանում է իր ներքին շուկան:

«Ես կխնդրեմ Բրյուսելի մեր բարեկամներին, իմ ընկերներին, որ Եվրահանձնաժողովում են, զերծ մնալ կտրուկ հայտարարություններից: Ինչ է, մենք պետք է ձեզ դուր գալու համար ռուսաստանյան տնտեսության որոշ ճյուղեր ամբողջությամբ վերացնե՞նք: Մենք չենք ցանկանում, որպեսզի գործազրկության կտրուկ աճ լինի և փակվեն Ռուսաստանի տնտեսության մի շարք ճյուղեր», - հայտարարում էր Պուտինը` հերթական անգամ հիշեցնելով եվրոպացիներին, որ Եվրամիության և Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը կնշանակի ռուս - ուկրաինական նմանատիպ գոտու մեխանիկական վախճանը:

«Եթե մենք պահպանենք Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտին, ապա բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ այդ դեպքում եվրոպական ծագման ապրանքները, օգտագործելով Ուկրաինան որպես տարանցիկ ուղի, մուտք կգործեն մեր շուկա` կամ որպես եվրոպական ապրանքներ, կամ էլ ուկրաինական արտադրանքի անվան տակ: Դա մեր տնտեսության համար մեծ վտանգ է ներկայացնում», - հայտարարեց Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG