Մատչելիության հղումներ

Շոտլանդիայի վարչապետը ներկայացրեց անկախության ճանապարհային քարտեզը


Միացյալ Թագավորություն - Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը Գլազգոյում ներկայացնում է «Սպիտակ գիրքը», 26-ը նոյեմբերի, 2013թ․
Միացյալ Թագավորություն - Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը Գլազգոյում ներկայացնում է «Սպիտակ գիրքը», 26-ը նոյեմբերի, 2013թ․
Ընդամենը 27 ամիս անց Արևմտյան Եվրոպայում անկախ պետությունների թիվը կարող է ավելանալ ևս մեկով: Եթե հաջորդ տարվա սեպտեմբերի 18-ին հանրաքվեի ընթացքում ընտրողների մեծամասնությունը կողմ արտահայտվի անկախության գաղափարին, ապա 2016 թվականի մարտի 24-ին արդեն Շոտլանդիան կհայտարարի Մեծ Բրիտանիայից անջատվելու և անկախ պետություն ձևավորելու մասին:

Երեքշաբթի օրը Էդինբուրգում Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը ներկայացրեց «Սպիտակ գիրքը»` շոտլանդական անկախության 670-էջանոց ճանապարհային քարտեզը:

«Շոտլանդիայի ապագան այժմ շոտլանդացիների ձեռքում է», - հայտարարեց Սալմոնդը` նշելով, որ անկախության շուրջ վերջին տարիներին ծավալված բանավեճի առանցքային հարցը մեկն էր` «արդյոք Շոտլանդիայի բնակիչները իրոք կարծում են, որ երկրի հետագա ճակատագրի հստակեցումը հենց իրենց մենաշնորհն է»:

Երեկ Էդինբուրգում կայացած հատուկ խորհրդարանական լսումների ժամանակ Ալեքս Սալմոնդի կառավարությունը բավական մանրամասնորեն ներկայացրեց է, թե ինչպիսին է լինելու շոտլանդական պետությունը, եթե սեպտեմբերյան հանրաքվեի ընթացքում հաղթանակ տոնեն անկախության կողմնակիցները:

«Սպիտակ գրքի» համաձայն՝ Շոտլանդիան 2016 թվականից հետո էլ կշարունակի միասնական արժութային միության մեջ լինել Լոնդոնի հետ: Նորանկախ Շոտլանդիան սեփական տարադրամը չի ունենա` շարունակելով օգտագործել բրիտական ֆունտ ստեռլինգը: Դրան գումարած՝ Շոտլանդիան չի պատրաստվում լքել Հյուսիսատլանտյան դաշինքը, թեև պահանջելու է, որպեսզի միջուկային զենքն ամբողջությամբ դուրս բերվի երկրի տարածքից:

Դատելով Սալմոնդի կառավարության ծրագրից` անկախ Շոտլանդիայի տնտեսական զարգացման հիմնաքարը լինելու են Հյուսիսային ծովում գտնվող գազի և նավթի պաշարների արդյունահանումից ստացված եկամուտները: Դրանց մեծ մասը Շոտլանդիայի կառավարությունը նախատեսում է կենտրոնացնել հատուկ ստեղծվող հիմնադրամում, որի ընդհանուր ծավալը տարիների ընթացքում կարող է գերազանցել 2 տրիլիոն դոլարը:

«Անկախ Շոտլանդիան զարգացած պետությունների թվում իր տնտեսական ներուժով կարող է զբաղեցնել 8-րդ, իսկ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքով` 10-րդ տեղը», - պնդում է շոտլանդական կառավարության ղեկավար Ալեքս Սալմոնդը:

Պաշտոնական Լոնդոնը բավական զուսպ արձագանքեց շոտլանդական անկախության ճանապարհային քարտեզի հրապարակմանը: Թեև անկախության հանրաքվեի անցկացման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ անցած տարի` Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետերի մակարդակով, այնուհանդերձ, Լոնդոնում կարծում են, որ Սալմոնդի ծրագիրն այնքան էլ իրատեսական չէ:

«Սպիտակ գրքում տեղ գտած դրույթներից մի քանիսը լուրջ հարցեր են առաջացնում», - երեքշաբթի օրը Լոնդոնում հայտարարեց բրիտանական կառավարության` Շոտլանդիայի հարցերով նախարար Ալեքս Կարմայքլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG