Մատչելիության հղումներ

Հասանլին այցելել է ԱՄՆ


ԱՄՆ - Ջամիլ Հասանլին Վաշինգտոնում կայացած քննարկման ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2013թ․
ԱՄՆ - Ջամիլ Հասանլին Վաշինգտոնում կայացած քննարկման ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2013թ․

Ժամանակն է, որպեսզի արևմտյան ժողովրդավարությունը հարգի իր իսկ հռչակած սկզբունքները և ձեռնպահ մնա բռնապետական ռեժիմի կոռումպացված իշխանության հետ սերտ հարաբերություններից, հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը:

Ադրբեջանի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին այցելել է Միացյալ Նահանգներ: Անցած շաբաթավերջին Վաշինգտոնում նա մասնակցել է Ադրբեջանի ժողովրդավարության խնդիրներին նվիրված քննարկումներին:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասանլին ասել է, թե արդեն ժամանակն է, որպեսզի արևմտյան ժողովրդավարությունը հարգի իր իսկ հայտարարած սկզբունքները և ձեռնպահ մնա բռնապետական ռեժիմի կոռումպացված իշխանության հետ սերտ հարաբերություններից:

Խոսելով հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների մասին, որտեղ նա միակ ընդդիմադիր թեկնածուն էր և ըստ պաշտոնական արդյունքների ստացավ 6 տոկոսից էլ քիչ ձայներ, իսկ գործող նախագահ Իլհամ Սլիևը ստացավ քվեների 85 տոկոսը, Հասանլին ասել է, որ դա ընտրություն չէր: «Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ իշխանության յուրացում՝ դա հանցագործություն էր Ադրբեջանի ժողովրդի դեմ», - հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ կեղծարարությունը Ադրբեջանի կառավարության էությունն է:

Անդրադառնալով հետընտրական իրավիճակին, երբ թիրախ են դառնում երիտասարդ ակտիվիստները, Հասանլին ասել է․ - «Ադրբեջանը արագորեն ավտորիտար ռեժիմից անցնում է դեպի բռնապետություն»:

Պատասխանելով հարցին, թե Միացյալ Նահանգները և Եվրոպան ինչպես կարող են օգնել Ադրբեջանի ժողովրդավարներին, Հասանլին ասել է, թե գլխավորը օգնելու կամք ցուցաբերելը և ազնիվ լինելն է:

Նա նշել է, որ լավ օրինակ չէ հավասարակշռություն պահել, մի կողմից, կոռումպացված բռնապետության, մյուս կողմից՝ ժողովրդավարության համար պայքարող ուժերի հանդեպ:

«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը էներգետիկ և անվտանգության ոլորտներում հետաքրքրություններ ունեն Ադրբեջանում, բայց չեմ կարող ասել, թե ժողովրդավարության հարցերում նկատվում է նույն աջակցությունը, ինչ, ասենք, էներգետիկ ոլորտում», - հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը:

Առաջիկա պլանների մասին Հասանլին ասել է, որ ընդդիմությունը պետք է վերակազմավորի Ազգային խորհուրդը, ուժեղացնի այն և դարձնի Ադրբեջանում ժողովրդավարության համար պայքարող բոլոր ուժերի կենտրոնը:

Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի մասին նա ասել է, թե ժամանակն է, որ կառավարությունը հարգի ժողովրդավարությունը և իր քաղաքացիների իրավունքները: «Մենք պետք է միանանք Վիլնյուսին և Արևելյան գործընկերությանը՝ անկախ ռուսական կողմի որևէ սպառնալիքից», - ասել է Հասանլին՝ հայտարարելով, որ եթե Ադրբեջանը օգտագործի այս հնարավորությունը, ապա «Ադրբեջանի համար կվերաբացվի նաև Ղարաբաղի ուղին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG