Մատչելիության հղումներ

Զբաղվածության խնդիրը շարունակում է ամենահրատապը մնալ սիրիահայերի համար


Սիրիահայ փախստականները ժամանում են Երևան, արխիվ

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի տնօրեն Լենա Հալաջյանի խոսքով կենտրոնում՝ որպես օգնության կարիք ունեցող գրանցված են մոտ 2000 սիրիահայ ընտանիքներ: Նրանց գրեթե կեսը ապահովված է աշխատանքով:

Պատերազմի հետևանքով Հայաստան եկած բազմաթիվ սիրիահայեր վստահ են, որ այլևս ի վիճակի չեն լինի վերականգնել տարիների ընթացքում իրենց վաստակած կարողությունը:

Վարդան Նազարյանի ընտանիքը Հալեպում ունեցել է մեծ առանձնատուն, ավտոմեքենաներ, սեփական գործարան: Երբ Սիրիայում իրավիճակը սրվեց, Նազարյանները տեղափոխվեցին Լիբանան, ապա՝ Հայաստան: Վարդանն ասում է, որ պատմական հայրենիքին դժվար են հարմարվում: Ամենահրատապը զբաղվածության խնդիրն է: Նախկին գործարանատերն աշխատանք գտել է․ Երևանում տաքսի է վարում:

«Ասում էին, որ հոս տեղ աշխատանք չկա, բայց կարծում եմ, որ ով փնտրում է, անպայման կգտնի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարդան Նազարյանը:

Նա հավելեց, որ Հայաստանն ու հայաստանցիներին սիրում են, թեև երբեմն հանդիպում են անբարյացակամ վերաբերմունքի: Ամեն դեպքում, Հայաստանում գտնվող գրեթե բոլոր սիրիահայերին հանգիստ չի տալիս հետ՝ Սիրիա վերադառնալու միտքը:

«Ամեն ինչը հոն մնաց՝ գործատեղն ալ, տուներնիս ալ, ավտոն ալ, ամեն ինչը: Թե կարելի կդառնա, կծախինք, հետ հոս կուգանք, չգիտեմ ինչպես կլլա», - նշեց սիրիահայ երիտասարդը:

Աշխատանքի և բնակարանի խնդիրը ևս շարունակում է խիստ հրատապ մնալ: Մեզ հետ զրույցում մի սիրիահայ, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, թե այս առումով վերջին երկու տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել՝ չնայած Հայաստանի պատկան մարմինների հայտարարություններին:

Այսօր Երևանում սիրիահայերը ստանում էին հերթական օգնությունը: Այն տրամադրում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակը: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի տնօրեն Լենա Հալաջյանի խոսքով, Հայաստան եկած 11,000 սիրիահայերից առավել կարիքավոր մոտ 5000-ը արդեն 6 ամիս է օգտվում են օգնության հիշյալ ծրագրից: Ի դեպ, այսօր նրանց բաժանված փաթեթների վրա գրված էր՝ «Նվեր Ռուսաստանի Դաշնությունից»: Այս անգամ փաթեթների մեջ միայն ալյուր էր, ինչը զարմացրեց օգնություն ստացողներին: Նրանք փոխանցեցին, որ նախկինում ստանում էին ձեթ, մակարոնեղեն, բրինձ և ալյուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG