Մատչելիության հղումներ

Ուկրաինայում բողոքի ակցիաները շարունակվում են


Ուկրաինա - Բողոքի ցույցը և ցուցարարների խփած վրանները Կիևի կենտրոնում, 24-ը նոյեմբերի, 2013թ․
Ուկրաինա - Բողոքի ցույցը և ցուցարարների խփած վրանները Կիևի կենտրոնում, 24-ը նոյեմբերի, 2013թ․

Չնայած արգելքին՝ Կիևի կենտրոնում վրանային ավան է ստեղծվել:

Կիևում անժամկետ բողոքի ակցիան շարունակվում է, Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցները պատրաստվում են իրենց պահանջները ներկայացնել կառավարության շենքի մոտ, որտեղից կիրակի օրը ոստիկանական ուժերը ցուցարարներին հեռացրեցին արցունքաբեր գազ կիրառելով, տեղի ունեցան բախումներ:

Երեկ հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ արցունքաբեր գազի պատճառով ստիպված են եղել տեղափոխվել հարակից` «Եվրոպական մայդան» անունը կրող հրապարակ, որտեղ հայտարարել են անժամկետ բողոքի ակցիա սկսելու մասին: Չնայած օրեր առաջ դատարանը արգելել էր Կիևի կենտրոնում վրաններ կամ ծածկեր տեղադրել՝ վրանային ավան է ստեղծվել: Կիրակի գիշերը Ուկրաինայի հատուկ ծառայությունները փորձել են գրոհով հեռացնել ցուցարարներին և մաքրել տարածքը, սակայն արդյունքում ընկրկել են:

Ուկրաինայի եվրոպական ուղին պաշտպանող տասնյակ հազարավոր քաղաքացիներ երեկ երեկոյան բանաձև են ընդունել մի շարք պահանջներով: Մասնավորապես, նրանք պահանջում են Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը, պահանջում են նոյեմբերի 27-ին անցկացնել խորհրդարանի արտահերթ նիստ` ընդունելու եվրաինտեգրացիայի համար անհրաժեշտ օրինագծերը: Եթե Գերագույն ռադան չկարողանա այս պահանջները կատարել, ընդդիմությունը մտադիր է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման:

Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջել են չեղյալ համարել կառավարության որոշումը Եվրոպայի հետ Ուկրաինայի ասոցացման գործընթացը կասեցնելու մասին, դադարեցնել քաղաքական ճնշումները, ազատ արձակել նախկին վաչապետ Յուլիա Տիմոշենկոյին և ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Տիմոշենկոն կոչ է անում պայքարել մինչև վերջ


Երեկ հայրենակիցներին ուղղված կոչով է հանդես եկել անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոն՝ հորդորելով ամեն ինչ անել և ստիպել Վիկտոր Յանուկովիչին փոխել իր ստորացուցիչ որոշումը Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու վերաբերյալ:

«Մենք պարտավոր ենք դրան հասնել, քանի որ դա ավելի մեծ մի բան է, քան պարզապես համաձայնագիրը՝ դա մեր ճանապարհային քարտեզն է դեպի նորմալ կյանք, դա մեր քվանտային թռիչքն է բռնապետության խորը վայրենությունից դեպի քաղաքակիրթ ապագա», - ասված է Տիմոշենկոյի հայտարարության մեջ:

Նրա խոսքով` եթե Ուկրաինան չստորագրի Վիլնյուսում այդ համաձայնագիրը, այն այլևս երբեք չի ստորագրվի: Տիմոշենկոն առաջարկում է Ուկրաինայի հրապարակներում հավաքված մարդկանց վերջնագրի տեսքով Յանուկովիչից պահանջել անհապաղ հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, արձակել ապաշնորհ կառավարությունը և որոշում կայացնել Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին:

Վարչապետ Ազարովն ասում է՝ մայդանից չի վախենում


Մինչ Եվրոպական մայդանն ու Տիմոշենկոն պահանջում են վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը, վերջինս հարցազրույց է տվել ռուսական Առաջին ալիքի կիրակնօրյա լրատվական թողարկմանը` հայտարարելով, թե չի վախենում մայդանից և զանգվածային բողոքի ակցիաներից, ու նաև զգուշացրել է, որ կառավարությունը իրեն չի պահի այնպես, ինչպես պահում էր 2004 թվականին, երբ մարդկանց աչքի առջև օրինական կառավարությունը տապալելու տեխնոլոգիա էր կիրառվում: «Մենք, ինչպես ասում են, խաղ չենք անի, մենք մեր մարդկանց կբացատրենք, որ ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության և օրենքի շրջանակներում», - ասել է Ազարովը:

Խոսելով դեպի եվրաինտեգրացիա ճանապարհի վերջում այս կտրուկ արգելակման հիմնական պատճառներից` Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ հիմնական խնդիրը տնտեսական իրավիճակն էր. Ուկրաինայի վարչապետը հայտնել է, որ իր հետ հանդիպել են խոշոր արդյունաբերողներ, գործարարներ, արհմիության ներկայացուցիչներ և խնդրել են ևս մեկ անգամ ամեն ինչ լավ ծանրութեթև անել, Ռուսաստանի հետ պայմանավորվել, քանի որ առաջին հերթին խոսք էր գնում ռուսական շուկա արտահանման ծավալների կտրուկ կրճատման մասին:

Մյուս կողմից, Ազարովն ասում է՝ իրենց որոշումը կապված է Եվրոպայի արձագանքի հետ. իրենք զգուշացրել էին Եվրոպային, ասել էին, թե ինչ լուրջ տնտեսական հետևանքներ կունենա եվրոասոցացումը Ուկրաինայի համար, թե ինչ միջոցներ կձեռնարկի Ռուսաստանը, և խնդրել էին փոխհատուցել այդ վնասները, սակայն Եվրամիությունը նախ հարյուր տոկոսով չէր վստահեցրել, որ Վիլնյուսում ընդհանրապես որևէ բան կստորագրվի, մի շարք պայմաններ էր դրել՝ բանավոր խոստանալով Ուկրաինային ստորագրումից հետո յոթ տարվա ընթացքում մեկ միլարդ եվրո տրամադրել: «Ինչ է մեկ միլիարդ եվրոն՝ դա մուրացկանին տրված օգնության է նման», - ասել է Ազարովը:

Հարցին՝ «երբ սկսում էիք եվրաինտեգրացիան, չէի՞ք պատկերացնում, թե ինչով կվերջանա», Ուկրաինայի վարչապետը պատասխանել է՝ իր տատիկի խոսքը հիշելով, որ «եթե իմանային որտեղ էին ընկնելու՝ փափուկ բարձ կդնեին»:

Ուկրաինայի վարչապետը խոստովանում է, որ իրենք եվրաինտեգրացիայի գործընթացը սկսելիս Ռուսաստանից այլ արձագանք էին սպասում և ակնկալում էին, որ ֆինանսական վիճակը ավելի լավ կլինի:

Ազարովի խոսքով` կյանքն է ստիպում Ուկրաինային և Ռուսաստանին միասին լինել: «Չնայած տարբեր քաղաքական գործիչներ են գալիս իշխանության և առանձին քաղաքական գործիչներ էլ փորձում են, այսպես ասենք՝ այլ ուղղությամբ գնալ, բայց կյանքը և տնտեսությունը ստիպում են Ուկրաինային և Ռուսաստանին միասին աշխատել: Հույս ունեմ՝ այդպես էլ կլինի», - եզրափակել է Ուկրաինայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG