Մատչելիության հղումներ

Աշխատանքային տոնավաճառը հետաքրքրել էր 3000-ից ավելի գործազուրկների


ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից կազմակերպված աշխատանքային տոնավաճառին շուրջ 18 գործատուներ իրենց թափուր աշխատատեղերն էին առաջարկում 3000-ից ավելի աշխատանք փնտրողներին:

Աշխատատեղերը տարբեր էին՝ բանկային գործից, թարգմանչից, լրագրողից մինչև վաճառողի: Ինչպես նշում է ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն, տոնավաճառի կազմակերպիչ Խաչիկ Գևորգյանը, միջոցառումը շատ մեծ պահանջարկ ունի հատկապես երիտասարդների շրջանում։

«Ներկայացված կազմակերպությունների աշխատատեղերը չեն գերազանցում 100-ը, սակայն այցելուների թիվը գերազանցում է 3000-ը, այսինքն մի հոծ զանգված կրկին պետք է փնտրի աշխատանք»,- ընդգծեց նա։

Գևորգյանն ասաց, որ աշխատանքային տոնավաճառ կազմակերպել են նաև անցյալ տարի, արդյունքների մասին դրական արձագանքեր են ստանում ինչպես գործատուներից, այնպես էլ արդեն աշխատանք գտած անձանցից:

Աշխատանք փնտրողների մեծ մասը բուհը նոր ավարտած երիտասարդներ էին, ովքեր աշխատանքային փորձի բացակայության, շատ դեպքերում մասնագիտության սխալ ընտրության կամ աշխատաշուկայի պահանջները հաշվի չառնելու պատճառով պարզապես աշխատանք չեն կարողանում գտնել:

Զրուցակիցներիցս մեկը նշեց, որ նախկինում աշխատում էր մանկապարտեզում և ստանում ընդամենը 27 հազար դրամ, այժմ փնտրում է աշխատանք, որ կարողանա գոնե հոգալ նվազագույն ծախսերը:

«Այսօր աշխատանք գտնելը խնդիր է 30-ն անց կանանց համար»,- ասաց զրուցակիցներիցս մեկը, ով մագիստրատուրան ավարտելուց հետո շուրջ տասը տարի է չի կարողանում լուծել զբաղվածության հարցը:

Երիտասարդ կինը նշում է, որ այդ ընթացքում աշխատել է ընդամենը մի քանի ամիս: Չնայած երաժշտության ուսուցիչ է, սակայն պատրաստ է աշխատել ցանկացած տեղ։

«Ի՞նչ աշխատանք եք փնտրում» հարցիս 50-ն անց մի տղամարդ պատասխանեց, թե այնպիսի գործ, որ կարողանա ապրել: Նա ասաց, որ իր տարիքում միջին աշխատավարձով աշխատանք գտնելը պարզապես անհավանական է թվում:

Գործատուների պնդմամբ էլ, այսօր դժվար է գտնել լավ մասնագետների. պատճառը, ըստ նրանց, կրթության որակն է, հիմնականում դասախոսությունների վրա հիմնված ծրագրերը:
XS
SM
MD
LG