Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով` երեկ սկսվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Ուրուգվայ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Աստորին բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի հայ - ուրուգվայական բարեկամական հարաբերություններին:

«Ուրուգվայը միշտ Հայաստանի կողքին է, և բարեկամ հայ ժողովուրդը մեր սրտերում և հոգիներում է», - ասել է Ուրուգվայի փոխնախագահը՝ բարձր գնահատելով հայ համայնքի դերը հայ - ուրուգվայական կապերի ամրապնդման գործում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդրին` Դանիլո Աստորին ասել է. - «Վստահ եմ, որ ապագա չի կարելի կերտել, եթե չհիշենք անցյալը»:

Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի անկախացումից ի վեր Ազգային ժողովի նախագահի առաջին պաշտոնական այցը Ուրուգվայ կարևոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Նա անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական, զբոսաշրջության, դեղագործության և այլ ոլորտներում ակտիվ համագործակցություն հաստատելը:

«Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 1965 թվականին ճանաչեց Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ նման ոճրագործություններն անտեսելը նպաստում է դրանց կրկնվելուն, քանի որ անտարբերությունը դառը հետևանքների պատճառ կարող է դառնալ», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` նա շեշտել է, որ Հայաստանը հարցի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում:

Աստորին նշել է, որ Ուրուգվայը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի սկզբունքները, կողմնակից է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ժողովուրդների ազատության և ազգերի ինքնորոշման, ինչպես նաև տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: «Պետք է հարգել այդ հողի վրա ապրող ժողովրդի ազատությունը, մշակույթը, սովորույթները», - հավելել է նա:

Աբրահամյանը Աստորիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, հրավերը ընդունվել է:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը և նրա գլխավորած պատվիրակությունը այցելել են Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող Արմենիա հրապարակ և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ազգային ժողովի նախագահը զրույց է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG