Մատչելիության հղումներ

Դեզդեմոնա Մանուկյանը սպառնում է այրել իր տունը


Տիկին Դեզդեմոնան սպառնում է այրել իր տունը
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

Զովունի գյուղի բնակչուհի Դեզդեմոնա Մանուկյանի բողոքն ընդդեմ հարկադիր կատարողի՝ քննչական ծառայություն է հասել։

67-ամյա կինը պնդում է, թե հարկադիր կատարողը առանց իրենց տեղեկացնելու վաճառքի է հանել իր ունեցած միակ անշարժ գույքը՝ երկու հարկանի տունը, որն էլ վաճառվել է 14 միլիոն դրամով։ Ընդ որում, տունը վաճառքի է հանվել դատարանի որոշմամբ՝ ընդամենը 1.5 միլիոն դրամ պարտքի դիմաց։ Այն մասին, որ հայտնվել են փողոցում՝ Մանուկյաններն իմացել են վերջին պահին ու դիմել են գլխավոր դատախազություն:

ԴԱՀԿ մամլո ծառայությունն այսօր հերքել է՝ իր աշխատակցին մեղսագրվող մեղադրանքները հայտարարելով, որ հարկադիր կատարողը պատշաճ կերպով ծանուցել է Մանուկյաններին պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Հարկադիրը վկայակոչում է մի արձանագրություն, որը ընտանիքի անդամները հրաժարվել են ստորագրել՝ պատճառաբանելով անհամաձայնությունը դատարանի վճռին։

Դեզդեմոնա Մանուկյանն ափսոսանքով է ցույց տալիս տարիների աշխատանքի շնորհիվ կառուցած երկհարկանի ընդարձակ տունը ու հայտարարում, որ չի պատրաստվում այն որևէ մեկին զիջել։

«Տունը կայրեմ, ես մեջը կվառվեմ՝ տունը չեմ վաճառի», - հայտարարում է Դեզդեմոնա Մանուկյանը:

Աճուրդների ոլորտում «ամեն ինչ չէ, որ հարթ է»


Այս ոլորտի հեռ առնչություն ունեցող մասնագետները փաստում են, որ դատական ակտերի հարկադիր ծառայության էլեկտրոնային կայքէջը իսկապես հրապարակային աճուրդներ է հայտարարում, սակայն այստեղ վաճառքի հանված ապրանքներով գնորդները հազվադեպ են հետաքրքրվում։ Օրինակ, հենց այս պահին կայքում վաճառվում է ավելի քան 90 անշարժ գույք՝ Երևանում ու մարզերում, որևէ մեկով գնման առաջարկ չկա։ Որևէ մեկը չի հետաքրքրվել նաև վաճառքի հանված 15 մեքենաներով ու հինգ տասնյակ ոսկյա իրերով։ Արդյունքում, ըստ օրենքի, այս բոլոր իրերը երկրորդ անգամ աճուրդի կդրվեն՝ այս անգամ ավելի ցածր գներով։ Փաստաբան Կարեն Մեջլումյանի խոսքով, այս ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է:

«Այս ոլորտում կոնկրետ աճուրդի մասնակցող անձինք կան: Ինչ-որ մեկը հայտնվում է, որը, միգուցե, շահ ունի և հարկադիր կատարողի հետ համագործակցում է», - մեկնաբանում է փաստաբանը:

Այն, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդով առավել հետաքրքրված են անշարժ գույքի շուկայի աշխատակիցներն ու փորձում են վերահսկել այս ոլորտը՝ որոշ դեպքերում նաև կապեր հաստատելով հարկադիր կատարողների հետ, նշում է նաև տնտեսագետ Սամվել Ավագյանը, ով անձամբ է փորձել օգտվել այս համակարգից, բայց ձախողվել է։

«Ի զարմանս ինձ ես մինչև վերջ էլ չկարողացա հասկանալ, թե ես ինչպես պետք է զննեմ այն մեքենան, որը ուզում եմ գնել», - պատմեց տնտեսագետը, - «Ցանկացած չկայացած աճուրդից հետո արժեքը նվազեցվում է 10 տոկոսով: Այ, եթե ինչ-որ մեկը անընդհատ հետևի, ինքը ինչ-որ մի պահի շատ էժան գնով կգնի այդ բիդը, որի մասին ինքը լիարժեք տեղեկություն ունի ի տարբերություն այն գնորդի, որը չեզոք է ու լիարժեք տեղեկատվություն չի կարողանում ստանալ»:

Փաստաբան Կարեն Մեջլումյանն էլ իր օրինակն է բերում։ Պատմում է, որ իրեն դիմած քաղաքացիներից մեկը հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույք է ձեռքբերել, բայց հարկադիր կատարողը ձգձգել է առքուվաճառքի պայմանագրի կնքումը, փորձել է ձախողել գործարքը։ Հարցը ի վերջո լուծվել է քաղաքացու օգտին, երբ նա բողոքել է հանրապետության գլխավոր հարկադիր կատարողին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG