Մատչելիության հղումներ

Հայաստանը Ավստրիային փոխանցեց ԵԽ ՆԿ նախագահությունը


Ֆրանսիա - ԵԽ-ի նախարարների կոմիտեում վեցամսյա նախագահության ընթացքում Հայաստանի պետական դրոշը ծածանվում էր Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև
Ֆրանսիա - ԵԽ-ի նախարարների կոմիտեում վեցամսյա նախագահության ընթացքում Հայաստանի պետական դրոշը ծածանվում էր Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև
Այսօր Ստրասբուրգում Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԽ-ի նախարարների կոմիտեի նիստը։

Իր ելույթում ամփոփելով Հայաստանի նախագահության օրոք ԵԽ-ի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը՝ Նալբանդյանը ընդգծել է, որ հայկական նախագահության գերակայությունները, ինչպես նաև նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության հաստատման առումով։ Նրա բնորոշմամբ՝ հենց այդ նպատակով նախագահության գերակայություններ էին սահմանվել ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, եվրոպական ճարտարապետությունում ԵԽ-ի դերի ամրապնդումը:

«Հայաստանը մեծ կարևորություն է տվել Եվրոպայի խորհրդում իր նախագահությանը։ Հոկտեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ ու հանդիպեց կազմակերպության ղեկավարության հետ, ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում», - նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի նախագահության նախաձեռնությամբ բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել:

«Մեր նախագահության ընթացքում նախաձեռնվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունների համաձայնեցումը և ստորագրման գործընթացի մեկնարկը։ Հայկական նախագահությունն աջակցեց Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված կազմակերպության բարեփոխման գործընթացին, օժանդակեց բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են ԵԽ-ի գործունեությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. - «Մենք մեր նպաստը բերեցինք տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության խորացմանն ու զարգացմանը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու խորհրդակցությունները: Նախարարների կոմիտեն մեծ ուշադրությամբ հետևել է Եվրոպական միության` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամակցության գործընթացին: Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության բանակցողները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերը` ճանապարհ հարթելով կոնվենցիային ԵՄ-ի միանալու համար»։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ավարտին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Ավստրիային։ Այս կապակցությամբ շնորհավորելով Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերին՝ Էդվարդ Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանն իր աջակցությունը կբերի ավստրիական նախագահությանը:

Հայաստանի նախագահության արդյունավետ և ակտիվ գործունեությունն իրենց ելույթներում ընդգծել են Ավստրիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Սլովակիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարները, Եվրախորհրդի հասարակական կազմակերպությունների համաժողովի ղեկավարը։

Նախարարական հանդիպումից առաջ տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, ով ընդգծել է, որ Հայաստանը կարող է հպարտ լինել նման նախագահությամբ և ակտիվ գործունեությամբ, ու շնորհակալություն է հայտնել ակտիվ համագործակցության համար։

Նույն օրը Նալբանդյանը Յագլանդի և Շպինդելեգերի հետ միասին մասնակցել է Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև վեց ամիս շարունակ ծածանվող Հայաստանի պետական դրոշի Ավստրիայի պետական դրոշով փոխարինման արարողությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG