Մատչելիության հղումներ

Այլախոհի անվան հրապարակը` բռնապետի ձախողման հայելի


Սերգեյ Մագնիտսկի, 2006թ․
Սերգեյ Մագնիտսկի, 2006թ․

Իրավապաշտպաններն առաջարկում են հրապարակների և փողոցների անվանումներով բռնապետներին մշտապես հիշեցնել նրանց հանցանքների մասին։

Wall Street Journal-ը հրապարակել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ԱՄՆ-ում տեղակայված «Մարդու իրավունքների հիմնադրամի» նախագահ Գարի Կասպարովի և «Առաջ տանել մարդու իրավունքները» կազմակերպության գործադիր տնօրեն Դեյվիդ Քեյսի հոդվածը։

Մոտ երեք տասնամյակ առաջ ԱՄՆ-ում Խորհրդային Միության դեսպանատունը գտնվել է Վաշինգտոնի 16-րդ փողոց 1125 հասցեում։ 1984 թվականին սենատոր Ալ դ'Ամատոյի առաջարկով փողոցին տրվել է Անդրեյ Սախարովի անունը։ Նոր հասցեն է` Անդրեյ Սախարովի հրապարակ 1: Փաստորեն, ամեն անգամ, երբ սովետական դիվանագետները մտնում էին շենք կամ դուրս գալիս` նրանց հիշեցնում էին խորհրդային բռնապետության դաժանության մասին։ Սենատորի այդ պարզ նախաձեռնությամբ մարդու իրավունքների հարցը դարձել էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հարաբերությունների առանցքը, ընդգծում են հոդվածագիրները:

1986-ին սովետական իշխանությունները Սախարովին և նրա կնոջը թույլատրել են աքսորից վերադառնալ Մոսկվա։ Որքան հզորանում էր այլախոհների ձայնը, այնքան թուլանում էր խորհրդային բռնապետությունը։ Այսօր Սովետական Միությունը չկա, սակայն ավտոկրատիան Ռուսաստանում չի անհետացել, նշում են հոդվածի հեղինակները:

«Պատկերացրեք Ռուսաստանի կյանքը Վլադիմիր Պուտինի վարչակարգի պայմաններում` խորհրդանշական բողոքի, օրինակ՝ եկեղեցում ժամերգությունից զատ որևէ այլ երգ կատարելու հետևանքով Pussy Riot խմբի աղջիկների պես կարող եք հայտնվել Սիբիրի բանտում», - գրում են Կասպարովը և Քեյսը:

2012-ին հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին ընտրախախտումների դեմ բողոքելու համար։ Խոսքի ազատությունը սահմանափակված է, քանի որ պետությունը հսկողության տակ է պահում բոլոր համազգային հեռուստակայանները։

Առնվազն 19 լրագրող է սպանվել 2000 թվականից մեկնարկած Պուտինի իշխանության ժամանակաշրջանում, և մեղավորները չեն պատժվել։

Պուտինի դաժանության խորհրդանիշը խիզախ փաստաբան Սերգեյ Մագնիտսկին է, ով իր կյանքով է վճարել պետության ֆինանսական մեքենայությունները բացահայտելու համար։ Ինչպեսև Սախարովը, Մագնիտսկին նույնպես արժանի է իր ազնիվ անվան հավերժացման, շեշտում են հոդվածի հեղինակները:

«Առաջ տանել մարդու իրավունքները» կազմակերպությունը ներկայացրել է նախաձեռնություն` «Այլախոհների հրապարակները»։ Կազմակերպությունն առաջարկում է բռնապետական երկրների դեսպանատներին հարող փողոցները կամ հրապարակներն անվանել քաղբանտարկյալների անուններով, ինչի նպատակն է հիշեցնել այդ երկրներին, որ դրանց դաժանությունը չի մոռացվում։

Առաջարկվում է Ռուսաստանի դեսպանատան անմիջական հարևանությամբ գտնվող փողոցներն անվանել «Մագնիտսկու հրապարակ»։

Այդ օրինակով այլախոհների հրապարակներ կարելի է ստեղծել Իրանի, Սիրիայի և Չինաստանի դեսպանատների մոտ և այդպես համերաշխության ձեռք մեկնել անազատության մեջ գտնվող իրանցի ուսանող Մաջիդ Թավակոլիին, չինացի ակտիվիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լի Ջիաբոյին, սիրիացի փաստաբան Մազեն Դարվիշին։

Բռնապետական կառավարությունները միշտ փորձում են լռեցնել այլախոհներին, սակայն, ինչպես ԽՍՀՄ-ի վախճանն է վկայում, այլախոհներին բանտարկող և սպանող վարչակարգերը, ի վերջո, տապալվում են։ Այլախոհների անունները կրող հրապարակները հայելու պես կարտացոլեն այդ ռեժիմների ձախողումը, Wall Street Journal-ում գրել են Կասպարովը և Քեյսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG