Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները չեն պատրաստվում «տուն-տունիկ» խաղալ


Հայաստանի իշխանություններին քաղաքական պահանջներ ներկայացնող ազատամարտիկները հայտարարում են, թե Շանթ Հարությունյանի բողոքի ակցիայից հետո լիովին պարզ դարձավ, որ իշխանությունները՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, այլևս ժամանակ չունեն ու չեն կարող երկիրը փրկել կործանումից։

Երեք ամսից ավելի Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնող ազատամարտիկների դաշտային հրամանատարների խորհրդի ներկայացուցիչ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե հատկապես վերջին իրադարձություններն իրենց այլևս սպասելու հնարավորություն չեն տալիս. - «Սերժ Սարգսյանը ժամանակ չունի ճամարտակելու: Սրանց ճամարտակությունները վերջացան այն օրը, երբ Շանթը այդ ցույցին դուրս եկավ և ասաց` էլ հերիք ա»:

Շարունակելով քննադատել իշխանություններին՝ Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Ոստիկանություն տարված Շանթ Հարությունյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե ձերբակալելուց հետո ոստիկնաապետը իրեն կտտանքների է ենթարկել։

«Վովա Գասպարյանը մտնում արդեն ձերբակալված Շանթին ծեծում, հայհոյում է... Իրեն հաշիվ տալի՞ս է, թե ինքը ով է: Ինքը այդ Շանթի պաշտպանը պիտի լինի... Այսինքն բեսպրեդելը, ամենաթողությունը հասցրել են լկտիության աստիճանի: Եվ այդ մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս իրենք ոստիկանապե՞տ են, թե՞, ասենք, բերդի ինչ-որ տեր ու տիրակալ, որ կարող են մարդ ծեծեն, մարդ ջարդեն», - հայտարարեց Սուրեն Սարգսյանը:

Ազատամարտիկների այս թևը շուրջ երեք ամիս առաջ, երբ նախաձեռնեց հանրահավաքներ, Հայստանի իշխանություններին կոչ արեց գալ Ազատության հրապարակ, լսել իրենց պահանջները ու կատարել դրանք։ Իշխանափոխությունից այդ ժամանակ դեռևս չխոսող ազատամարտիկները հույս ունեին, որ իշխանությունները կանսան իրենց պահանջներին ու երկիրը կփրկեն ամենաթողությունից՝ անարդարությունից, կոռուպցիայից, արտագաղթից։

Սակայն հիմա, երբ իշխանություննները արհամարհեցին նրանց կոչը, ազատամարտիկները ավելի վճռական են։ Հայտարարում են, թե արդեն ունեն 3000-ից ավելի համակիրներ, այդ թիվը գնալով մեծանում է, և նրանց միջոցով առաջիկայում խոշոր հանրահավաքներ են կազմակերպելու՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը:

«Ամենևին չենք պատրաստվում տուն-տունիկ խաղալ երկիրը կործանման տանող իշխանությունների հետ», - հայտարարեց Սարգսյանը:

Ազատամարտիկների պայքարին միացել են նաև քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունները։ Մի քանի անգամ հավաքվելով կլոր սեղանի շուրջը՝ այս քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել նրանց պայքարին։ Այժմ քննարկվում են հետագա գործողությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG