Մատչելիության հղումներ

Կենսաթոշակային կուտակային համակարգը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում


Կենսաթոշակային կուտակային համակարգը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Կենսաթոշակային կուտակային համակարգը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը հավաքել են անհրաժեշտ 44 ստորագրությունները, և գալիք ուրբաթ օրը կհրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ` քննարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ այս փուլում իրենց համար առաջնահերթ է գոնե մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումը, և այդ ընթացքում անցկացնել մասնագիտական, հանրային քննարկումներ, սահմանադրական բողոքարկումներ:

«Բացահայտելու, ցույց տալու և չեզոքացնելու «Կենսաթոշակային բարեփոխումներ» կոչված փաթեթի բոլոր ռիսկերը, որոնք բխում են թե’ ֆինանսական շուկաներից, թե’ աշխատանքի շուկայից, թե’ տնտեսության մենաշնորհային վիճակից, թե’ ժողովրդագրական վատթարացող վիճակից», - իրենց նպատակները մանրամասնեց պատգամավորը:

Նոր համակարգի ընդդիմախոսները պահանջում են ոչ թե հետաձգել համակարգի ներդրումը, այլ ընդհանրապես վերացնել պարտադրանքը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս պահին առաջարկում են այն, ինչ հնարավոր է անել. - «Չեմ բացառում, որ մեկ տարի հետաձգվելու պարագայում հնարավոր լինի համակարգը նորից վերանայել»:

Մարուքյանի խոսքով` եթե հունվարի 1-ից համակարգը ներդրվի, մարդկանց սոցիալական վիճակը վատթարանալու է, քանի որ պահումները կսկսվեն տարեսկզբից, իսկ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ենթադրվում է հուլիսից. - «Այս իրավիճակում նաև հակասահմանադրականության հարց է առաջանում. արդյո՞ք մենք կարող ենք ֆիզիկական անձի կարգավիճակը վատթարացնել` այս ռեֆորմը ներդնելով»:

Օրինագծում հակասահմանադրական դրույթներ է տեսնում նաև Արծվիկ Մինասյանը և պատրաստվում է այդ հարցերով դիմել Սահմանադրական դատարան: Օրինակ`տարիքային խտրականությունը. ըստ օրինագծի, հիշեցնենք, պարտադիր կուտակային համակարգը տարածվում է միայն 1974 թվականից հետո ծնվածների վրա: Մտահոգություններ կան` կապված աշխատանքային ստաժի հաշվարկման հետ:

Նրա խոսքով`պետությունը այս բարեփոխումներով «մտնում է մարդու գրպանը». - «Անհնար է որևէ ձևով հիմնավորել քաղաքացիների կողմից իրենց միջոցները պարտադրելով խնայելը` ուղղելով մասնավոր սեկտորին: Եթե պարտադրում եք քաղաքացիներին որևէ բան խնայել, ապա դա պետք է ծառայի բացառապես պետության և հանրության շահերին: Մինչդեռ այս դեպքում տեղի է ունենում հակառակը: Սա, մեր կարծիքով, Սահմանադրաթյան [ամրագրած] սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ է առաջացնում»:

Ոչ իշխանական պատգամավորների մտահոգությունը կիսում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը նշեց, որ կուտակված գումարները անձի սեփականությունն են, իսկ ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր ոք ունի իր գույքը տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու իրավունք. - «Եթե մենք ի վերջո չստանանք պատշաճ պարզաբանումներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որոնք որևէ կերպ կփարատեն այդ մտահոգությունները, այդ ժամանակ լուծումը միակն է` դիմել Սահմանադրական դատարան»:

ՀՀԿ-ի փոխնախագահ ու խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ թեև իշխող քաղաքական ուժը վերոնշյալ փաստարկները չի ընդունում, սակայն, ամենայն հավանականությամբ, արտահերթ նիստին կմասնակցի:

«Եթե կկարողանան համոզիչ փաստարկներ բերել և կկարողանան համոզել հակառակ ճամբարի թիմին, բնականաբար, արդյունքներ կլինեն», - նշեց Սահակյանը:
XS
SM
MD
LG