Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը մեկնել է Անկարա


Նկարում ձախից աջ` Մեհրիբան Ալիևա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Թուրքիայի նախագահ Աբդուդահ Գյուլ, Հայրունիսա Գյուլ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, Էմինե Էրդողան։ Անկարա, նախագահի նստավայր, 12-ը նոյեմբերի, 2013թ.
Նկարում ձախից աջ` Մեհրիբան Ալիևա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Թուրքիայի նախագահ Աբդուդահ Գյուլ, Հայրունիսա Գյուլ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, Էմինե Էրդողան։ Անկարա, նախագահի նստավայր, 12-ը նոյեմբերի, 2013թ.

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել «եղբայրական Թուրքիային` Ղարաբաղի հարցում արդար դիրքորոշման համար»։

Ադրբեջանի նախագահը պետական տոնը նշեց արտասահմանում

Իլհամ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանի նախագահ վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական արտասահմանյան այցը կկատարի եղբայրական Թուրքիա։ Ինչպեսև ենթադրվում էր, հոկտեմբերի 9-ին նա երրորդ անգամ ընտրվել է հանրապետության ղեկավար և կատարել է խոստումը։

Երկրում պետական տոն է` Սահմանադրության օրը, ԶԼՄ-ները առավոտից հեռարձակում են հայրենասիրական երգեր և Իլհամի հորը` Հեյդար Ալիևին փառաբանող ռեպորտաժներ, իսկ զավակն Անկարայում է։

Թուրքիայի մայրաքաղաքի «Էսենբողա» օդանավակայանում տեր և տիկին Ալիևներին դիմավորել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները։ Ադրբեջանի նախագահն այցելել է Անիթքիբիր` Քեմալ Աթաթուրքի դամբարան և հարգանքի տուրք մատուցել արդիական Թուրքիայի հիմնադիր նախագահի հիշատակին։ Ապա, ըստ «Թրենդ» լրատվական գործակալության, Չանքայա նստավայրում Ալիևին պետական-զինվորական պատիվներով ընդունել է նախագահ Աբդուլա Գյուլը։

Գյուլին` ադրբեջանական շքանշան, Ալիևին` թուրքական

Նախագահները միմյանց հաճելի նվերներ են մատուցել` Գյուլը Ալիևին շնորհել է Թուրքիայի «Պետական նշանը», իսկ Ալիևը Գյուլին է հանձնել «Հեյդար Ալիևի» շքանշանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնաներ։ Նախագահները խոսել են երկու երկրների եղբայրական կապերի մասին։ Ալիևը չափազանց բարձր է գնահատել Թուրքիայի հետ բարեկամությունը։

Գյուլն, իր հերթին, ասել է, որ Իլհամ Ալիևի նախագահության օրոք Ադրբեջանը փայլուն հաջողություններ է գրանցել բոլոր ոլորտներում և զարգացման ու բարեկեցության մակարդակով դարձել է շատ գրավիչ երկիր:

Ղարաբաղի հարցը` քննարման թեմա

Թուրքական հեռուստակայաններից մեկի փոխանցմամբ` նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ «Ադրբեջանական տարածքների ազատագրումն ազգային հարց է և' Ադրբեջանի, և' Թուրքիայի համար», - ասել է Գյուլը։

Այս առումով խիստ ուշագրավ է Թուրքիայում լույս տեսնող «Զաման»-ի հաղորդագրությունը, որի համաձայն` «Թուրքիան Շվեյցարիային խնդրել է միջնորդել Ղարաբաղի հարցում, քանի որ դրա լուծումը ճանապարհ կհարթի Անկարայի ու Երևանի հարաբերությունները վերականգնելու համար»։

Պարզվում է, դեռ հոկտեմբերի կեսերին այցելելով Շվեյցարիա` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարացիներին ասել է, որ Անկարան պատրաստ է բարելավել կապերը Երևանի հետ, սակայն դրա նախապայմանը գրավված տարածքներից զորքի դուրսբերումն է։ Այդ դեպքում, ըստ արտգործնախարարի, Թուրքիան պատրաստ է բացել սահմանները։

Թուրքիայի արտգործնախարարը նաև ասել է, որ Անկարան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և փորձում է մշակել դրանց բարելավման նոր գաղափարներ և առաջիկա օրերին կակտիվացնի այդ աշխատանքը։

Բարելավման նախապայմանը 5 շրջաններից հայկական ուժերի դուրսբերումն է

Դավութօղլուի խոսքով` եթե Հայաստանը սկսի հեռացնել զորքը գրավված տարածքից և ներկայացնի դուրսբերման հստակ ժամանակացույց, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար, ապա Թուրքիան պատրաստ կլինի իրագործել 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները։

«Մենք ձեր օգնությունն ենք ակնկալում Հայաստանի իշխանություններին համոզելու հարցում», - ասել է Ահմեդ Դավութօղլուն։ Շվեյցարացի դիվանագետները, ըստ «Զաման»-ի, դրական են արձագանքել արտգործնախարարի խնդրանքին։

Թուրք բարձրաստիճան դիվանագետներից մեկն ասել է, որ Թուրքիան փակել է սահմանները Հայաստանի հետ ի պատասխան ոչ թե բուն Ղարաբաղի, այլ դրան հարակից 5 շրջանների գրավվման։ Ադրբեջանը Թուրքիային հայտնել է, որ դեմ չի լինի հայ-թուրքական կապերի բարելավմանը` պայմանով, որ հայերը հեռանան 5 գրավված շրջաններից։

«Հայկական կողմը չի մեկնաբանում հորինված հրապարակումը»

«Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ «հորինված աղբյուրներով հիմար հրապարակումները մեկնաբանության կարիք չունեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG