Մատչելիության հղումներ

Արևմուտքը հույս ունի մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի հետ


Շվեյցարիա - Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները Ժնևում, 7-ը նոյեմբերի, 2013թ․
Շվեյցարիա - Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները Ժնևում, 7-ը նոյեմբերի, 2013թ․

Իրանի ղեկավարությունը, սակայն, առայժմ շատ ավելի զուսպ է գնահատում անցած շաբաթ Ժնևում կայացած բանակցությունների արդյունքները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների, ինչպես նաև Գերմանիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները Ժնև կվերադառնան արդեն նոյեմբերի 20-ին՝ փորձելով զարգացնել այն հաջողությունը, որ արձանագրվեց շվեյցարական այս քաղաքում տեղի ունեցած եռօրյա բանակցությունների ընթացքում անցած շաբաթավերջին:

Դեռ երբեք Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին նվիրված բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակությունն այսքան լավատեսորեն տրամադրված չէր եղել: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին բանակցությունների ավարտին հայտարարում էր․ - «Մենք Ժնև էինք եկել առկա տարաձայնությունները հաղթահարելու նպատակով: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մենք ոչ միայն հաղթահարեցինք դրանք, այլև կարողացանք հստակեցնել մնացած խնդիրները ևս: Այս ամենը մեզ թույլ կտա թե՛ զսպել Իրանի միջուկային ծրագիրը և թե՛ ապահովել դրա խաղաղ բնույթը»:

Քերրիի բրիտանացի պաշտոնակից Ուիլյամ Հեյգի համոզմամբ էլ՝ առաջիկա շաբաթներին լուրջ ջանքեր գործադրելու դեպքում հնարավոր կլինի նույնիսկ Իրանի հետ վերջնական համաձայնագիր կնքել` նվիրված երկրի միջուկային ծրագրին:

Ժնևում կայացած բանակցությունների ավարտին բավական լավատեսորեն էր տրամադրված նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովը թերևս առաջին անգամ իր պաշտոնավարման ընթացքում հրապարակայնորեն գովեստի խոսքեր էր շռայլում ամերիկյան դիվանագիտության հասցեին:

«Կուզեի ընդգծել այն առաջատար դերը, որ այս բանակցությունների ընթացքում խաղաց Միացյալ Նահանգների պատվիրակությունը` Ջոն Քերրիի գլխավորությամբ: Հենց ամերիկացիներն էին, որ բանակցային սեղանի շուրջ պնդեցին այն մոտեցումների վրա, որոնք ընդունելի էին Իրանի պատվիրակության համար», - նշում էր Լավրովը:

Հնարավոր համաձայնագրի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում: Որոշ արևմտյան աղբյուրների համաձայն` հիմնական բանակցությունները ընթանում են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասնակի վերացման շուրջ:

Միացյալ Նահանգներում արդեն իսկ մտավախություններ կան, որ Օբամայի վարչակազմը կարող է անհարկի զիջումների գնալ: Այդ իսկ պատճառով էլ մի շարք կոնգրեսականներ պատրաստվում են արդեն այս շաբաթ նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, որն է՛լ ավելի կխստացնի Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:

Իրանի ղեկավարությունն առայժմ շատ ավելի զուսպ է գնահատում բանակցությունների արդյունքները: Կիրակի օրը հանդես գալով Իրանի խորհրդարանում՝ երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց․ -
«Գոյություն ունեն կարմիր գծեր, որոնք մեր երկիրը երբեք չի հատի: Դրանք են Իրանի ազգային շահերը և մեր երկրի իրավունքը` ուրան հարստացնել սեփական տարածքում` հիմնվելով միջազգային համաձայնագրերի դրույթների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG