Մատչելիության հղումներ

Հարցում. Մաքսային միությանը կողմ է հայաստանցիների 20 տոկոսը


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան
Ազգային ինքնորոշում միավորումն (ԱԻՄ) ու «Պետություն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը հարցում են անցկացնում հանրապետության տարբեր մարզերում և Երևանում:

Հարցման նպատակն է պատկերացում կազմել Եվրամիությա՞նն է կողմ հանրությունը, թե՞՝ Մաքսային միությանը: Հարցումն անանուն է, հարցաթերթիկը պարունակում է չորս հարց՝ «Պատկերացում ունե՞ք Եվրամիության մասին», «Պատկերացում ունե՞ք Մաքսային միության մասին», «Ո՞ր միությանն եք կողմ միանալու» և «Տեղյա՞կ եք արդյոք, որ Եվրամիության հիմքում ընկած են մարդու իրավունքները, իսկ Մաքսային միության հիմքում՝ Ռուսաստանի շահերը»։

Հարցումների նախնական արդյունքները կազմակերպիչներն այսօր փոխանցեցին նախագահական նստավայր: Նախագահականի առջև զրուցեցինք ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ. հարցումներն արվել են նաև մասամբ ԱԻՄ-ի պատվերով:

«Եթե Ազգային ինքնորոշման միավորման կողմնակից ես, պիտի հետևես քո ազգի կողմնորոշմանը։ Մենք ակնհայտորեն տեսանք, որ այսօր խոսել Մաքսային միության մասին, նշանակում է դեմ գնալ ժողովրդի մեծամասնության ցանկությանը, ժողովրդի միայն 20 տոկոսն է կողմ ՄՄ-ին», - ասաց Հայրիկյանը։

Հարցումներն ըստ կազմակերպիչների, իրականացվում են ամբողջ հանրապետության տարածքով:

«Այս պահին մենք ստացել ենք պատասխաններ Հայաստանի երեք մարզերից և Երևան քաղաքից, ՄՄ-ին կողմ արտահայտվողները կազմում են ընդամենը 20 տոկոս»,- ասաց ԱԻՄ ղեկավարը։

Հայրիկյանի խոսքով, հարցումների նախնական արդյունքները վկայում են, որ ժողովրդին լրջորեն խաբելու ուղի է որդեգրված քարոզչամիջոցներով, ինչը նա վնասակար է համարում։

«Վնասակար է նրանով, որ ցանկացած մարդ գիտի՝ եթե տնտեսական տեսանկյունից է Մաքսային միությունը շահեկան, այդ դեպքում անհեթեթություն է ստացվում, Իտալիայի տնտեսական կարողականություն ունեցող Ռուսաստանը ինչպես կարող է մրցակից համարվել։ Եվրոպական միությունը իր ընդհանուր համախառն ներքին արդյունքով 8 անգամ ավելի մեծ չափեր է ներկայացնում, քան մեզ խոստացված Մաքսային միությունը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է արժեհամակարգին, ապա ըստ Հայրիկյանի.- «Մենք բոլորս գիտենք, որ Մաքսային միության նախաձեռնող պետության ղեկավար Պուտինը խոսելը է ռուսական կայսրությունը վերականգնելու մասին։ Ցավոք սրտի, նախնական արդյունքները ներկայացնողներն ասացին, որ պատասխանողների մեջ Մաքսային միության օգտին արտահայտվողները ասում են՝ այո, Ռուսաստանի շահերն է պաշտպանում ՄՄ-ն, հենց այդ պատճառով էլ մենք ձայնը տալիս ենք ՄՄ-ին, այսինքն կան նաև գործակալներ»։

Հարցման կազմակերպիչների համար անակնկալ է, որ միություններից ոչ մեկին միանալու պատասխանը նախնական արդյունքներով մեծ տոկոս է կազմում:

Հայրիկյանն ասում է, որ երբ հարցը սրվում է, վերջնական լուծումը հանրաքվեն է, այդուհանդերձ, ԱԻՄ նախագահը կողմ չէ այս հարցով հանրաքվեին.- «Որովհետև Հայաստանը վաղուց, 91 թվականի իր հանրաքվեով, իր Սահմանադրությամբ, միջազգայնորեն ընդունած իր պարտավորություններով իր կողմնորոշումը արտահայտել է։ Հայաստանը այսօր փաստորեն դավաճանեց իր որդեգրած կողմնորոշմանը»։

Կազմակերպիչներն ասում են, որ հարցման նախնական արդյունքներով Երևանում Նոր Նորք վարչական շրջանում են ստացել ՄՄ-ի օգտին բարձր թվեր, իսկ Շենգավիթում և Աջափնյակում հակառակ պատկերն է: Հարցման վերջնական պատկերն, ըստ նախաձեռնողների, պարզ կլինի 1-2 օրից:
XS
SM
MD
LG