Մատչելիության հղումներ

ՀՑԹԻ-ն և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը կհամագործակցեն


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, 2013թ․
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, 2013թ․
Կանադական Վիննիպեգ քաղաքում երեկ տեղի է ունեցել Կանադայի մարդու իրավունքների թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջև Փոխըմբռման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ Զորյան ինստիտուտի գործուն մասնակցությամբ ստորագրված փաստաթղթով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում:

Հուշագիրը ստորագրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրեն Սթյուարթ Մյուրեյը:

«Մեզ համար շատ հաճելի է միացնել մեր ձեռքերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ՝ խթանելու կրթությունը, իրազեկումը և մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը», - ասել է Սթյուարթ Մյուրեյը:

«Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների շատ կարևոր պատմություն է: Մարդկության դեմ հանցագործության հասկացությունն առաջացել է ի պատասխան հայ ժողովրդի դեմ իրականացրած մի շարք սարսափելի խախտումների: Այս համագործակցությունը կօգնի Հայոց ցեղասպանության պատմությունը հասցնել ավելի լայն լսարանի՝ ի շահ եկող սերունդների», - ասել է Հայկ Դեմոյանը:

Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հանդիսավոր բացումը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերին: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև 2015 թվականին թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ժամանակավոր ցուցադրության կազմակերպման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG