Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Ժողովրդավարություն և անարխիա՝ տարբեր գաղափարներ են»


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո իշխող կուսակցության խոսնակը անդրադարձավ նոյեմբերի 5-ի իրադարձություններին, Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը:

Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հինգշաբթի երեկոյան կայացած նիստի ժամանակ նոյեմբերի 5-ի իրադարձություններին չի անդրադարձել: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ իշխող կուսակցության քննարկման թեման Արարատի ընտրություններն են եղել:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ինչ դասեր են քաղել իշխանությունները նոյեմբերի 5-ի իրադարձություններից, ՀՀԿ-ի խոսնակը միայն ասաց, թե իշխանության խնդիրը հետևողական բարեփոխումներ իրականացնելն է:

«Ես առաջին հերթին ի նկատի ունեմ՝ օրինական, որտեղ կա օրենքի տառ, որտեղ օրենքը պահպանվում է: Եվ մեզ համար, անկախ նրանից՝ օրենքը ով է խախտում՝ քաղաքացին, ընդդիմության ներկայացուցիչը, թե իշխանության ներկայացուցիչը, պետք է հավասարազոր խստագույնս պատժվի: Սա է մեր փիլիսոփայությունը», - ասաց Շարմազանովը:

Ըստ իշխող կուսակցության խոսնակի, այդ օրը՝ նոյեմբերի 5-ին, որոշ ընդդիմադիր գործիչներ իրենց մեջ քաջություն չունեցան ասելու, որ նման կոչեր հնչեցնելը և պայթուցիկներով հեղափոխություն կազմակերպելը ճիշտ չէ: Շարմազանովն ափսոսանք հայտնեց, որ, իր խոսքերով, որևէ ընդդիմադիր գործիչ դեռևս չի քննադատել օրենքի խախտումը:

«Ժողովրդավարությանը հարիր չէ հայհոյանքով խոսելը: Եթե մենք պահանջում ենք մեր ոստիկանից, եթե մենք պահանջում ենք իշխանություններից, որ պետք է օրենքը պահպանեն, ազատությունը պահպանեն, ապա մյուս կողմից էլ պետք է բոլորս գիտակցենք, որ ազատություն, ժողովրդավարություն և անարխիա՝ տարբեր գաղափարներ են և տարբեր հասկացություններ», - հայտարարեց նա:

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ի խոսնակն անդրադարձավ նաև Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ըստ որի՝ չի բացառվում հայ - թուրքական սահմանի բացումը, եթե հայերը դուրս գան Ղարաբաղից:

«Հայաստան - Թուրքիա հարաբերություններում մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին, անթույլատրելի է այս խնդիրը կապել ղարաբաղյան կարգավորման հետ», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

«Իսկ ինչ վերաբերում է, որ պետք է հայերը դուրս գան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ապա տեղեկացնեմ բոլորին, որ հայերը ապրել, ապրում և պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ մի պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեր ժողովրդի սուրբ հայրենիքի մի մասն է», - ընդգծեց իշխող կուսակցության խոսնակը:

Հիշեցնենք, ըստ թուրքական «Աքշամ» թերթի՝ թուրք պատգամավոր Սինան Օգանը հարց է ուղղել Ահմեթ Դավութօղլուին այն մասին, թե Իգդիրի շրջանում` հայ - թուրքական սահմանին և երկաթուղում նկատվում են որոշ աշխատանքներ, արդյոք դա սահմանի բացման նախապատրաստություն է նշանակում: Ի պատասխան՝ Դավութօղլուն նախ հաստատել է նման աշխատանքների իսկությունը, ապա նշել, որ իրենք նախապատրաստական գործեր են կատարում սահմանի բացման հարցում 2015 թվականին ընդառաջ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայ - թուրքական հարցը դարձյալ կապել է ղարաբաղյան հիմնախնդրի հետ` ասելով. - «Եթե Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղից, կբացվի և՛ հայ - թուրքական սահմանը, և՛ երկաթգիծը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG