Մատչելիության հղումներ

«Պուտինը վերահաստատում է իր ազդեցության լծակները Հայաստանի վրա»


Անուշ Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում, արխիվ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանի գնահատմամբ՝ պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան է այցելում անմիջապես վիլնյուսյան գագաթնաժողովից հետո:

«Պուտինը վերահաստատում է իր գործունեության և գործողության և ազդեցության լծակները Հայաստանի վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սեդրակյանը:
Սակայն, ըստ նրա, «այստեղ հարցը պետք է բաժանել երկու պարամետրի, մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին»:

«Պուտինը գալիս է, որ ամրապնդի Հայաստանի դերը և դիրքը իբրև Ռուսաստանի ֆորպոստ, ինչը բավականին պերճախոս նշված էր ռուսական մամուլում: Բայց մի շարք քաղաքական ուժեր հույս են տածում, որ Պուտինը կմասնակցի Հայաստանի քաղաքական պալիտրայի վերաբաշխմանը: Սակայն ես կարծում եմ, որ արտաքին ուժը Հայաստանում չի նշանակում կառավարություն, չի նշանակում վարչապետ, չի նշանակում նախագահ», - ասաց Անուշ Սեդրակյանը՝ շարունակելով․ - «Դրա համար, արտաքին քաղաքական ազդեցությունը պուտինյան արդեն իսկ խնդրահարույց է, արդեն իսկ պրոբլեմներ է առաջացնում Հայաստանի համար, որովհետև Ռուսաստանի ուղեծրում գտնվելով՝ մենք ձեռք ենք բերում լրացուցիչ պրոբլեմներ, որոնցից մեկը տնտեսական պրոբլեմն է՝ մենք այլևս համագործակցության և տնտեսական ընդլայնման այդպիսի մեծ հնարավորություն չենք կարող ունենալ, և նաև ռազմական համագործակցության խնդիրն է, որ մենք սահմանափակում ենք այսուհետ միայն Ռուսաստանի արտաքին քաղաքական և դիվանագիտական շահերով»:

Դիտարկմանը, որ Պուտինը Երևան է գալիս Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումից հետո և բավական տևական՝ շուրջ 7 տարվա դադարից հետո, Սեդրակյանը արձագանքեց․ - «Նա գալիս է այցելելու այն պետությունը, ցավում եմ ասել, որ այդ պետությունը արդեն ունի որոշակի առումով խախտված սուվերենություն, որովհետև Մաքսային միության այդ պայմանները, կանոնները, կանոնակարգը՝ բոլորը մի քիչ խնդրահարույց են և կարող են վնաս հասցնել սուվերենությանը, և կարող եմ ասել, որ Պուտինը գալիս է՝ ուղղակի դա բարեհաճության ժեստ է, բայց դա նաև իր հետևից կրելու է լրացուցիչ պարտավորվածությունների և պայմանավորվածությունների շարք: Եվ այդ պարտավորվածությունների և պայմանավորվածությունների շարքը վերաբերելու է հենց ռազմական համագործակցությանը, հենց Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնմանը Հայաստանի տարածքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG