Մատչելիության հղումներ

Դասական երաժշտության հրավառություն է սպասվում


Մինչև շաբաթավերջը աշխարհահռչակ մի քանի երաժիշտներ համերգներով հանդես կգան Երևանում:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա անվանի ջութակահար Գայ Բրաունշտեյնը (Իսրայել):

Նոյեմբերի 8-ին նույն նվագախումբը կղեկավարի գերմանացի լավագույն դիրիժորներից մեկը` Ստեֆան Վիլլիխը, իսկ համերգի մենակատարը հանրահայտ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովն է:

Այսօր հրավիրած ասուլիսում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը շեշտեց. - «Ստեֆան Վիլլիխը ֆենոմենալ է... Ո՞նց կարող է իր մեջ տեղավորել նույն բարձրության վրա երկու մասնագիտություններ. և' որպես երաժիշտ, և' որպես ֆենոմենալ բժիշկ»:

Վիլլիխը տարիներ առաջ ստեղծել է մի ուշագրավ նվագախումբ. այն բաղկացած է աշխարհի տարբեր երկրներում բնակվող հինգ հարյուր բժիշկներից և տարեկան առնվազն երեք անգամ բարեգործական համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Ալեքսեյ Լյուբիմովը 13 տարի առաջ հիմնադրված «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին հյուրերից էր, և այս տարիների ընթացքում բազմիցս այցելել է Հայաստան ու նվագել է հայ երաժշտասերների համար:

«Ձեր և' երկիրը, և' ժողովուրդը չափազանց հարազատ են ինձ», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց անվանի դաշնակահարը` շարունակելով. - «Չնայած երբեմն գոյատևման ամենաանհավանական պայմաններին, դժվարություններին, կոնֆլիկտներին ու անգամ աղետներին, ձեր երկրում կան երաժիտներ, որ ոչ միայն շարունակում են իրենց գործը, այլև օրինակ են հանդիսանում, թե ինչպես պետք է ապրել, ստեղծագործել, արվեստ ու մշակույթ արարել անգամ այն ժամանակ, երբ ամեն ինչ փլուզվում է: Ես հիանում եմ այդ մարդկանցով»:

Իսկ երկու օրից Հայաստան կժամանի մեկ այլ աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովը` իր ղեկավարած Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ: Նվագախմբի երկու համերգներին` Երևանում և Գյումրիում, մասնակցելու են ռուս անվանի մենակատարներ, ինչպես նաև մեր Հասմիկ Պապյանն ու Ջուլիետա Գալստյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG