Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Հարությունյանը չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին


Ոստիկանությունը հայտարարություն է տարածել բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ Հարությունյանը և նրա կողմնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, այդ պատճառով էլ բերման են ենթարկվել։

«Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը: Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել»,- ասված է հայտարարությունում:

Իրավապահները պնդում են, թե ոստիկանության ներկայացուցիչները երթի մասնակիցներին կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն« նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել»:

«Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան: Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ: Կատարվում է դեպքի վայրի զննություն: Տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- փոխանցում է ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG