Մատչելիության հղումներ

Ուորլիքը ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորություն տեսնում է


Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Ըստ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ Հայաստանում և Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ի տարբերություն վերջին ժամանակների` այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավորություն տեսնում է: Այդ մասին ամերիկացի համանախագահը հայտարարել է երեկ Բաքվում՝ Trend գործակալությանը տված հարցազրույցում, և հավելել, որ Միացյալ Նահանգները հավատում է այդ հնարավորությանը:

Իսկ առավել բարենպաստ իրավիճակ, ըստ դիվանագետի, ստեղծվել է երկու երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո:

«Կարծում եմ, երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները արժանի են խաղաղության և բարգավաճման: Մենք պետք է գտնենք խաղաղության հասնելու հնարավորությունը, և դա է պատճառը, որ ես որպես համանախագահ սկսեցի զբաղվել այս հարցով, քանի որ կարծում եմ, որ հնարավոր է խաղաղության հասնելու ճանապարհը գտնել», - ասել է Ուորլիքը:

Նա պատրաստակամություն է հայտնել տարածաշրջան այցելել քանի անգամ որ կպահանջվի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ իրենք աշխատում են երկու առաջնորդների հանդիպումը մինչև տարվա վերջ կազմակերպելու ուղղությամբ, սակայն այդ որոշումը, իհարկե, կախված է նախագահների կամքից:

«Ամենաբարձր մակարդակով հանդիպումը կնպաստեր խաղաղ գործընթացին, ինչը օգտակար կլիներ երկու երկրների համար էլ», - ընդգծել է ամերիկացի համանախագահը: - «Գրեթե երկու տարի երկու երկրների նախագահները չեն հանդիպել, և այդ երկու տարվա ընթացքում մենք առաջընթացի ճանապարհ չենք կարողացել գտնել: Հույս ունենք, որ նախագահները կարող են հանդիպել արդյունավետ և կառուցողական քննարկման համար, ինչը կնպաստի առաջընթացին»:

Ուորլիքի խոսքով` ցանկալի է, որ հակամարտության կողմերը իրենք հայտարարեն, որ ցանկանում են համակողմանի բանակցություններ վարել:

«Մենք հույս ունենք, որ եթե նախագահները կարողանան միմյանց հետ խոսել, ապա նրանք կգտնեն առաջ գնալու միջոց, որպեսզի բանակցությունները կառուցողական դառնան: Դա կարող է իրական խաղաղ գործընթացի հանգեցնել: Հիմա այն առաջ չի գնում, բայց մենք կցանկանայինք առաջ շարժվել դեպի խաղաղություն», - ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Հիմնարար սկզբունքներին անդրադառնալով՝ Ուորլիքը նշել է, որ հենց դրանք պետք է երկու երկրների նախագահները քննարկեն, եթե հանդիպումը ստացվի: «Այսօր մենք աշխատում ենք հիմնարար սկզբունքների վրա, մեր նպատակն այն է, որ նպատսնեք համակողմանի բանակցությունների վերսկսմանը», - ասել է նա:

Մինսկի խմբի համանախագահների կազմը փոփոխելու` ֆրանսիացի համանախագահի փոխարեն Եվրամիության ներկայացուցչի ընդգրկելու հնարավորությանը վերաբերող հարցին ի պատասխան Ուորլիքը հայտարարել է, որ հակամարտության կողմերը վստահում են և շարունակում են հավատալ Մինսկի խմբի շրջանակներում տարվող գործընթացին, և խնդիրը ոչ թե բանակցությունների ձևաչափն է, այլ կողմերի քաղաքական կամքը: Եվ հենց կողմերի առաջ շարժվելու քաղաքական կամքն է, որ իրենք կցանկանային ուսումնասիրել առաջիկա շաբաթների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG