Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 5-ի մամուլ


Անդրադառնալով Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի գազի սուբսիդավորման դիմաց Երևանը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն, «Ժամանակ»-ը նկատում է․ - «Փաստորեն, Հայաստանի ինքնիշխանությունն ու ապագան վաճառվել են 30 տոկոսով, այսինքն՝ այդ 30 տոկոսն, ըստ էության, դառնում է Հայաստանի համար այն «30 արծաթը», որով դավաճանվում է Հայաստանի անկախությունը, որով կատարվում է Հայաստանի ինքնիշխանության, ըստ էության, հուդայական մատնությունը: Երբ սեպտեմբերի 3-ին հնչեց հայտարարությունը Մաքսային միությանը միանալու որոշման մասին, թվում էր, որ սրանից ավելի խայտառակ հայտարարություն Հայաստանն այլևս ունակ չի լինելու անել: Սակայն, նոյեմբերի 4-ին, փաստորեն, Հայաստանը խայտառակության նոր ռեկորդ է սահմանում և հայտարարում, որ կարևորագույն քաղաքական որոշումը կայացվել է ընդամենը գազի գնի թանկացումից խուսափելու համար»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ: «Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի այդ, ցուրտ կլինի և երիտասարդները փողոց դուրս չեն գա: Ընդ որում, մինչ սույն որոշման հրապարակումը հանրությանը, ըստ նույն աղբյուրների, կներկայացվի, որ տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 200 դրամ, բայց վերջում ՀՀ քաղաքացիներին իբր «ադալժենի» կարվի և իշխանությունների հաշվարկով, բոլորը գոհ կլինեն, որ գոնե 150 դրամ են վճարելու», - գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. - «ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը կամաց-կամաց իր ձեռքն է վերցնում տնտեսության կարևորագույն օղակները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշել է, որ Հայաստանի ամենահարուստ պաշտոնյային պատկանող Ucom-ը լինելու է Հայաստանում բջջային կապի չորրորդ օպերատորը: Այս որոշումը, այնուամենայնիվ, մի դրական բան ունի. դաշտում մրցակիցներ շատ կլինեն, ինչը կարող է նպաստել սակագները նվազմանը: Ցավալին այն է, որ Հայաստանում, բացի պաշտոնյաներին ու Սերժ Սարգսյանի հովանավորյալներից, մնացած բոլոր գործարարները սնանկանում են: Ու սնանկանում են, առաջին հերթին, հենց Գագիկ Խաչատրյանի ձեռամբ: Այսպիսով, մեր երկրում հերթական անմրցակից մրցույթի հաղթողի համար գաղտնի ու արտոնյալ մի միջավայր ստեղծվեց, որի միջոցով նա կարող է ոտնատակ անել բիզնեսի գրված ու չգրված բոլոր օրենքները»:

«Չորրորդ իշխանություն»-ը տեղեկացնում է, որ Արարատում քաղաքապետի ընտրության քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետի մեջ առկա է ներդիր, որը պատմում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և նրա եղբոր կատարած «աննախադեպ բարեգործությունները»: «Ի դեպ, այն, ինչ Արարատ քաղաքում կատարվել է համայնքային բյուջեի հաշվին, Գրիգորյան եղբայրները վերագրել են իրենց «աննախադեպ բարեգործական ոգուն. քաղաքի ասֆալտապատում, բնակելի շենքի կառուցում, հիվանդանոցի հիմնանորոգում և սարքավորումներով հագեցում: Ամենաուշագրավը, սակայն, նկարագրված է ներդիրի կետ 12-ում: Հենց այստեղ էլ բարեգործ եղբայրները նշել են. «Սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն` սննդի տեսքով, ճաշարանում: Իսկ դրույթ 13-ում արձանագրել են. «Օժանդակություն քաղաքացիներին տոնական օրերին»»:

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնում է Զորի Բալայանի նամակին. - «Բալայան ո'չ քաղաքական գործիչ է, ո'չ էլ պետական: Նա մարդ է, ամեն մարդ կարող է իր կարծիքն ունենալ: Ինչո՞ւ եք դուք այդքան լուրջ ընդունում Զորի Բալայանի ասածը: Մարդ է, լրագրող է, հայ է, չգիտեմ, սովետական դաստիարակություն ստացած: Բալայանն այսօր ո'չ կուսակցություն է ներկայացնում, ո'չ պետություն: Մարդ է, էլի, այդպես է մտածում ու միշտ այդպես է մտածել: Ես Արցախի սահմանադրության հեղինակն եմ, և այնտեղ ֆիքսված է, որ Ղարաբաղն անկախ երկիր է: Դա ժողովրդի ընտրությունն է, և ես չեմ կարծում, որ մենք հիմք ունենք կասկածելու, որ սխալ ճանապարհ ենք ընտրել: Արցախցին վաղուց իր ընտրությունը կատարել է»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - « Ռուսաստանում իսկապես նկատվում է ազգայնականության, այլատյացության բռնկում, որը, հավանաբար, որոշ չափով ուղղորդվում է Կրեմլից: Հակառակ դեպքում, եթե ՌԴ իշխանությունները դեմ լինեին անհանդուրժողականության այս ցույցերին, նրանք գիտեն, թե ինչպես կարելի է «ոչ քնքշաբար» վարվել ցուցարարների՝ տվյալ դեպքում «ռուսական երթերի» մասնակիցների, «հակակովկասյան», «հակամիգրանտական» ջարդարարների հետ: Հարկ չկա, երևի, հիշեցնելու, թե այս կամ այն երկրի պատմության մեջ երբ, որ պահին է տարածվում այլատյացության համաճարակը՝ երբ պետական շինարարության և տնտեսական ոլորտում, մեղմ ասած, պարծենալու բան չկա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG