Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 2-ի մամուլ


Անդրադառնալով Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կմիջամտի ռազմական գործողություններին`«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ինչի՞ համար էր ռուս գնդապետի այդ հայտարարությունը: Արդյո՞ք նպատակը Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ կեցվածքի վրա սառը ջուր լցնելն էր: Եթե այդպես է, ապա հայտարարությունը պիտի արվեր շատ ավելի բարձր մակարդակով` եթե ոչ Պուտինի, ապա գոնե ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժայի: Վերջին հաշվով, Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում ոչ թե ինչ-որ դաշտային հրամանատարի, այլ նախագահի մակարդակով: Իսկ գուցե նպատակը Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդին «դուխ տա՞լն էր»: Բայց այդ դեպքում հարց է առաջանում` իսկ ինչպե՞ս պատահեց, որ նախորդ պատերազմում հաղթած երկիրը հայտնվեց այն վիճակում, որ ժողովրդին «դուխ տալու» անհրաժեշտություն առաջացավ: Վերջին հաշվով, ի՞նչ էինք մենք ակնկալում Ռուսաստանից: Արդյո՞ք մեր ակնկալիքն այն է, որ ռուսները կվախեցնեն Ադրբեջանին, որպեսզի նրանք ձեռք քաշեն ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց: Թե՞ մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ Ռուսաստանը զենք չի վաճառի Ադրբեջանին ու դրանով իսկ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կվերանա: Ի՞նչ կարիք կա հայտարարել, թե` եթե նրանք հարձակվեն, մենք ձեզ կպաշտպանենք, եթե դրա փոխարեն կարելի էր հարձակողական զենք չվաճառել և այդ դեպքում նրանք չէին մտածի հարձակվելու մասին»:

«168 ժամ»-ը գրում է. - «Արտաքուստ հանգիստ թվացող Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայումս ինչ-որ չերևացող գործընթացներ են տեղի ունենում: Դրան ուղղակի կամ անուղղակի մասնակցում են ոչ միայն ոչ իշխանական ուժեր, այլև, հաճախ շատ ավելի ակտիվորեն՝ իշխանության տարբեր, հակադիր բևեռների ներկայացուցիչները: Այդ բոլոր գործընթացների հիմքում ընկած է սպասումը, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը պետք է ունենա նաև ներքաղաքական հետևանքներ, առաջին հերթին` իշխանության մեջ կտրուկ փոփոխությունների տեսքով: Սակայն սեպտեմբերից հետո Հայաստանում, ըստ էության, որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, եթե հաշվի չառնենք գլխավոր դատախազի փոփոխությունն ու Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ ամեն օր իրականացվող մարզային ոստիկանապետերի տեղափոխությունները: Մինչդեռ սեպտեմբերի 3-ն «օրհնող» բոլոր քաղաքական ուժերն ու իշխանության տարբեր բևեռները սպասում են, որ Մոսկվան պետք է փոխհատուցի իրենց նվիրվածությունը և իրենց իշխանության բերելու միջոցով պատժի Եվրոպայի հետ խաղեր տված գործող իշխանությանը: Վերջինս շատ լավ գիտակցում է այդ վտանգը, և, պատահական չէ, որ խնդրում է արագացնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Հայաստանում այլևս քաղաքական պայքարն ընթանում է այն հիմնական հարցի շուրջ, թե իշխանությունից ու ընդդիմությունից ով է ավելի շատ հավատարիմ «ռուսական գծին»»:

«Առավոտ»-ի խմբագիրը Հայաստանի ընտրական համակարգը փորձում է նկարագրել շախմատային տրամաբանությամբ և համեմատություններով. - «Հայաստանում ընտրությունների ժամանակ կողմերը կարծես թե նստում են շախմատ խաղալու, բայց խաղացողներից մեկը գողանում է մրցակցի ֆիգուրները, իսկ սեփական խաղաքարերը շարժում է ոչ այնպես, ինչպես նախատեսված է խաղի կանոններով: Այդպես էր ամեն անգամ՝ սկսած 95 թվականից: Բացառություն է կազմում 2008 թվականը, երբ խաղացողներից մեկը չբավարարվեց ֆիգուրներ գողանալով և «սխալ» քայլեր անելով, այլ պարզապես վերցրեց շախմատի տախտակը և խփեց մրցակցի գլխին: Դա արդեն շախմատ չեղավ: Դառնալով խաղաքարերի արժեքին: Թագավորով, ինչպես տեսաք, խաղը չի պայմանավորվում, կան շատ ավելի ուժեղ ֆիգուրներ: Սակայն դրանք էլ ոչինչ չեն որոշում: Որոշում են, բնականաբար, խաղացողները: Նոր բան չեմ ասի՝ խաղացողները մենք ենք՝ տվյալ «թագավորության» բնակիչներս (ոչ թե դրսի «մութ» կամ «պայծառ» ուժերը, ինչպես շատերն են կարծում): Անկախ նրանից՝ ակտիվ ենք, թե պասիվ, զարգացած ենք, թե տգետ, մենք ենք իրականում շարժում այդ ֆիգուրները»:

«Հրապարակ»-ը հետևյալ մեջբերումն է անում Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական qahana.com կայքից. - «Ուղղափառ քրիստոնյայի նույնիսկ «ամենաթեթև» հափշտակությունը ռոք մշակույթով, նշանակում է հավատի ուրացում, Աստծուց հեռացում, կործանարար հմայք, հաղորդակցություն խավարի հոգիների հետ, խաղեր սատանայի հետ: Շտապիր խոստովանել այդ հափշտակությունները և այլևս մի՛ առնչվիր դրանց հետ»: Թերթն արձագանքում է. - «21-րդ դարում, երբ աշխարհի շատ եկեղեցիներ հենց իրենց պատերի ներսում են դիսկոտեկաներ կազմակերպում, նոր ձևեր փնտրում՝ հավատացյալներին գրավիչ դառնալու, երիտասարդներին հավատքի ու կրոնի դաշտ բերելու համար, մեր եկեղեցին միջնադարյան ինկվիզիցիայից այս կողմ չի զարգացել: Հետաքրքիր է իմանալ՝ ո՞վ է այս խայտառակ տեքստի հեղինակը, որն ատում է միլիոնավոր մարդկանց գերող երաժշտությունն ու այն չարիք համարում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG