Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 1-ի մամուլ


Անդրադառնալով Վիլնյուսի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում Հայաստանի մասին հիշատակման բացակայությանը` «Ժամանակ»-ը գրում է. - «Թեև, իհարկե, Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում երեկ հայտարարել է, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսին ամենաբարձր մակարդակով: Սակայն այն, որ Հայաստանի նմանօրինակ հայտարարությունների և Եվրամիության հետ հարաբերությունները շարունակելու մասին հավաստիացումների պարագայում ամփոփիչ հռչակագրի նախագծում Հայաստանի մասով ոչինչ չկա, արդեն իսկ հանդիսանում է Եվրամիության բավական արհամարհական վերաբերմունքի վկայություն Հայաստանի հանդեպ: Սակայն սա դեռ ամենը չէ, քանի որ ամփոփիչ հռչակագրի նախագծում տեղ են գտել բավական ռեվերանսային ձևակերպումներ Ադրբեջանի հասցեին, ու Եվրամիությունը նշում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություն սկսել Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի վերաբերյալ: Եվ սա այն դեպքում, երբ Եվրոպան բավական խիստ գնահատական էր տվել ադրբեջանական նախագահական ընտրություններին»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում մեկնաբանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` օրերս հնչեցրած հայտարարությունը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին` Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն ասում է. - «Կարծում եմ, պետք է հանգիստ վերաբերվել նախկին նախագահի հայտարարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը անցած 5 տարիներին պարբերաբար պահանջել է հանրապետության նախագահի հրաժարականը, ավելին՝ պահանջել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և, ըստ էության, որևէ նոր բան չի ասել։ Այդ հերթապահ պահանջը եղել է բոլոր նախագահների օրոք, կա և, կարծում եմ, կլինի նաև առաջիկա տարիներին։ Որևէ պետական կամ քաղաքական գործիչ հանրապետության նախագահի վարած արտաքին քաղաքականությանը պետք է գնահատական տա ոչ թե իր սուբյեկտիվ պատկերացումների կամ արտաքին քաղաքականության սեփական տեսլականից ելնելով, այլ վարվող քաղաքականությունը համեմատելով ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի հետ, որը պաշտոնական փաստաթուղթ է և ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից»։

Վերլուծելով արտագաղթի պատճառները` «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Մարդիկ զանգվածաբար հեռանում են Հայաստանից երկու հիմնական պատճառով: Առաջինը սոցիալական ծանր պայմաններն են, երկրորդը` արդարության պակասն ու համատարած ապօրինությունները: Սերժ Սարգսյանը երևի սա նկատի ուներ «գաղջ մթնոլորտ» ասելով: Հետևաբար արտագաղթը կանխելու համար պետք է կտրուկ բարձրացնել բնակչության կենսամակարդակը և երկրում հաստատել օրենքի գերակայություն: Ինչպես տեսնում եք, բարդ դեղատոմս չէ: Բայց այդ ամենը պետք է անել ոչ թե դատարկ ճառերով, այլ կոնկրետ գործողություններով: Իշխանություններն իրենք են ասում, չէ՞, որ տնտեսության 40 տոկոսը ստվերում է. հավատացնում ենք` ընդամենը մի քանի ամսում կարելի է կիսով չափ կրճատել ստվերը, իսկ նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը սահմանել 70-80 հազար դրամ»:

«Ժողովուրդ»-ը գրում է․ - «Պարզվում է, որ պաշտոնյայի համար կարող է գերագույն նպատակ լինել սեփական տեղակալը դառնալը: Որքան էլ միտքն աբսուրդային է հնչում, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության համար սովորական առօրյա պատկեր է: Օրինակ՝ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանն ազատվել է աշխատանքից և նույն օրը նույն գերատեսչությունում նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Բնականաբար, գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնում է, որ մարդիկ ազատվել են իրենց կամքով՝ սեփական դիմումի համաձայն: Այսինքն՝ մարդը իր կամքով դիմել է, որ իր պաշտոնն իջեցնեն, դարձնեն իր իսկ տեղակալը: Խիստ տրամաբանական է: Բրավո, Կոստանյան»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հացադուլ, նստացույց, երթ, բողոքի ակցիա: Այս ու այնտեղ ծագող դժգոհության օջախները չեն մարում, չնայած մարդիկ արտագաղթում են, հուսահատվում, պայքարն անիմաստ համարում, ձերբակալվում: Դա խոսում է մեր ժողովրդի կենսական ուժի անսպառ լինելու մասին: Եթե դարեր շարունակ օտար հրոսակները չեն կարողացել բնաջնջել մեզ, կոտրել մեր կամքը, ձուլել իրենց հետ, տեղահան անել, ինչպե՞ս կարող են հայազգի իշխանությունները ոչնչացնել հայի ոգին ու պայքարի կամքը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG