Մատչելիության հղումներ

Վիլնյուսի գագաթաժողովի հռչակագրի նախագծում Հայաստան-ԵՄ հարաբերությունները չեն հիշատակվում


Արևելյան գործընկերության քարտեզը
Արևելյան գործընկերության քարտեզը
Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի մի քանի ժամ առաջ հրապարակված նախագծում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հատվածը դատարկ է: Սա է պնդում «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը՝ տեղեկացնելով, որ փաստաթղթի նախնական տարբերակը Եվրամիության պաշտոնյաները լրագրողներին են տրամադրել բառացիորեն մի քանի ժամ առաջ:

«Այն բանից հետո, երբ Երևանը հայտարարեց Ռուսաստանի կողմից առաջնորդվող Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, այլևս որևէ ձևակերպում, որ կվերաբերեր Հայաստանին, փաստաթղթում տեղ չի գտել»,- նկատում է Բրյուսելում աշխատող մեր գործընկերը:

Եվրոպացի դիվանագետները, սակայն, չեն բացառում, որ հռչակագրում Հայաստանը հիշատակելու փոխարեն Եվրամիությունը կարող է Երևանի հետ հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել:

Փոխարենը՝ Ադրբեջանի ցուցաբերած եվրոպական ինտեգրացիան ձգտումները Վիլնյուսյան համաժողովի հռչակագրի նախագծում ողջունվում են: Ավելին՝ Եվրամիությունը նշում է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ Եվրամիության-Ադրբեջան Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։

Եվրամիությունը հռչակագրում նաև ողջունում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ պայմանագրերի նախաստորագրման փաստերը:

Բելառուսի պարագայում Եվրամիությունը ընդգծում է, որ ակտիվորեն աշխատում է հատկապես այդ երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հռչակագրի նախագծում նաև նշված է.- «Եվրամիությունը ճանաչում է անդամ պետություններից յուրաքանչյուրի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում ունեցած հավակնությունների չափն ու վերջնական նպատակը ընտրելու ինքնիշխան իրավունքը»:

Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության պետությունների տարածքում առկա սառեցված հակամարտություններին, ապա դրանց հռչակագրում առանձնապես մեծ տեղ հատկացված չէ:

«Վրաստանի դեպքում միայն ընդգծվում է, որ անդամ պետությունները համակարծիք են այն խնդրի շուրջ, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը պետք է աշխատի Վրաստանի ողջ տարածքում: Չի բացառվում, որ Մոլդովան մինչև նոյեմբերի վերջ ցանկանա որևէ ձևակերպում զետեղել հռչակագրի տեքստում, որը կվերաբերի Մերձդնեստրի հակամարտությանը: Մինչ այս պահը հստակ չէ՝ արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հիշատակվի վիլնյուսյան հռչակագրում»,- ասում է Յոզվիակը:

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը նաև նկատում է, որ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում Արևելյան գործընկերության անդամների վերաբերյալ օգտագործվել է «եվրոպական ձգտումներ» ձևակերպումը: Այս նույն ձևակերպումը օգտագործվեց նաև 2011 թվականի Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթաժողովի հռչակագրում:

«Եվրամիության ընդարձակմանը կողմ հանդես եկող մի շարք պետություններ ցանկանում էին տեքստերում զետեղել ավելի հստակ բնույթ ունեցող «եվրոպական հեռանկարներ» ձևակերպումը, որը ժամանակին կիրառվել է Արևմտյան Բալկանների պարագայում և նշանակում է, որ այդ հեռանկարներն ունեցող պետությունները մի օր կարող են անդամակցել Եվրամիությանը: Բրյուսելյան աղբյուրները, սակայն, չեն բացառում, որ Եվրամիության մի շարք անդամ պետություններ, նախևառաջ Ֆրանսիան, ընդդիմացել են նման ձևակերպման զետեղմանը Վիլնյուսի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում»,- նկատում է Յոզվիակը։
XS
SM
MD
LG