Մատչելիության հղումներ

Աշոտյան. Ռուսական հեռուստաեթերում հնչածը չի արտահայտում երկրի պաշտոնական տեսակետը


Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ` ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հնչած տեսակետը, թե Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը առաջիկայում ցանկություն էլ կմնա Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով, չի արտահայտում պաշտոնական Մոսկվայի տեսակետը:

«Ես բացառում եմ, որ այդ ձևակերպումները լինել ռուսական իշխանությունների կողմից հրահանգված կամ սատարվող ձևակերպումներ», - Ազգային ժողովում լրագրողներին ասաց Աշոտյանը:

Ինչ վերաբերում է «Առաջին ալիք»-ով հեռարձակված ռեպորտաժին ու հատկապես դրան նախորդած տեսակետին, ապա այն նաև Աշոտյանին է վրդովեցրել. - «Ղարաբաղյան համակարտության մասին ձևակերպումներն ուղղակի անընդունելի են հայ ականջի համար»:

Անդրադառնալով Ղազախստանից ու Բելառուսից հնչող ադրբեջանամետ տեսակետներին` Աշոտյանը հիշեցրեց, որ Մաքսային միության կորիզը Ռուսաստանն է. - «Իհարկե, Լուկաշենկոյի արտահայտությունների մեջ կարելի է տեսնել որոշակի կարծիք, իհարկե, կարելի է տեսնել Ղազախստանի ղեկավարների արտահայտած մտքերի մեջ որոշակի կարծիք, բայց ես, օրինակ, չեմ կարծում, որ եթե Թուրքիան իրոք ցանկանար միանալ Մաքսային միությանը, Վլադիմիր Վլադիմիրովիչը դրա մասին կիմանար Նուրսուլթան Աբիշևիչի շուրթերից»:

Արձագանքելով կարծիքին, թե Մաքսային միությունը կարող է չկայանալ` ՀՀԿ-ի փոխնախագահն ասաց. - «Ինչքան մշուշոտ է Եվրամիության ապագան, նույնքան մշուշոտ է Եվրասիական տնտեսական համագործակցության կայանալու խնդիրը, որովհետև սրանք պրոյեկտներ են դեռ: Որքան մշուշոտ է Չինաստանի տնտեսական վերելքի շարունակականությունը, որովհետև այլևս 7 տոկոս է ՀՆԱ-ի աճը, նույնքան մշուշոտ է ԱՄՆ-ի` ճգնաժամից վերջնական դուրս գալու հեռանկարը հատկապես Կառավարության վերջին անջատումից հետո»:

Արմեն Աշոտյանին նյարդայնացնում է մեր արտաքին քաղաքականության ճիշտ ուղեգծի ընտրության մասին հարցը: Նրա պատկերավորմամբ` Հայաստանի արտաքին քաղաքականությունը դադարել է «տափակ էկրան» լինելուց և այլևս տարածական է`«3D». - «Հայաստանը երբեք իր դեմքը չի շրջել Ռուսաստանից: Եվրոպական քաղաքակրթությունը չի հակադրվում ռուսականին, որովհետև ռուսականը եվրոպականի բաղկացուցիչ մասն է»:
XS
SM
MD
LG