Մատչելիության հղումներ

Բուդաղյանների փաստաբանը կադրերով հերքում է ինքնապաշտպանության վարկածը


Գորիս -- Գնդապետ Արտակ Բուդաղյանը իր փաստաբան Հայկ Ալումյանի հետ, արխիվ
Գորիս -- Գնդապետ Արտակ Բուդաղյանը իր փաստաբան Հայկ Ալումյանի հետ, արխիվ
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության գործը քննող նախաքննական մարմնի պնդումները իսպառ հակասում են դեպքը պատկերած ամբողջական տեսանյութին և առողջ տրամաբանությանը, այսօր հայտարարեց Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ դրվագ առ դրվագ ներկայացնելով չմոնտաժված տեսանյութը՝ Ալումյանը հայտարարեց, որ առաջին կրակոցներն արձակել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ կալանքից ազատ արձակված Տիգրան Խաչատրյանը.- «Այլ ոչ թե այնպես, ինչպես կեղծված տեսանյութից էր թվում։ Ընդհուպ մինչև այդ երեք կրակոցների տեղի ունենալը, որոնցից երկուսը Ավետիք Բուդաղյանին, մեկը՝ Արտակ Բուղադյանին էր հասցեագրված, Ավետիք Բուդաղյանը մինչ այդ պահը որևէ ագրեսիա դրսևորած չի եղել։ Հակառակը՝ իր եղբորը՝ Արտակ Բուդաղյանին բաժանում է Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցներից և հրելով հեռացնում դեպքի վայրից։ Եվ հենց այդ պահին ինքը ստանում է երկու հրազենային վնասվածք։ Այսինքն Ավետիք Բուդաղյանին մարմնական վնասվածքներ պատճառելը ոչ մի կերպ չէր կարող կապված լինել անհրաժեշտ պաշտպանության հետ»։

Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ քննիչը ներկայացրել է Տիգրան Խաչատրյանի՝ մեղադրյալի կարգավիճակում տված ցուցմունքը: Ըստ այդ ցուցմունքի, Տիգրան Խաչատրյանը տուն գնալիս իրենց տան բակում տեսել է Ավետիք Բուդաղյանին՝ Սուրիկ Խաչատրյանին կանչելիս: Նախկին մարզպետի որդին, ըստ քննիչի որոշման մեջ վկայակոչվածի, Ավետիք Բուդաղյանի մեքենայի մեջ տեսել է զենք, ապա եկել է Արտակ Բուդաղյանը՝ զենքը ձեռքին: Տիգրան Խաչատրյանն, ըստ իր ցուցմունքի, վախեցել է, գնացել է, իբր, քնած հոր գրպանից չհրկիզվող պահարանի բանալին վերցրել, այնտեղից հանել զենքը, վազել Ավետիք Բուդաղյանի մեքենայի ուղղությամբ: Նախ կրակել է Արտակ Բուդաղյանի ուղղությամբ, քանի որ, ըստ ցուցմունքի, Արտակ Բուդաղյանը կկրակեր, եթե ինքը մեկ վայրկյան ուշացներ։

Նախաքննական մարմինը հիմք է ընդունել այս պնդումը: Բայց գորիսյան միջադեպի առաջին իսկ օրվանից գործի բացահայտման համար որպես կարևորագույն հանգամանք է հիշատակվել տեսանյութի առկայության փաստը։ Հիմա պատկերը կարող է ամբողջանալ մոնտաժված և չմոնտաժված տեսանյութերի տարբերությունների շնորհիվ:

Հայկ Ալումյանն ցույց տվեց նաև ավելի վաղ «Ա1+»-ի կայքում հրապարակված տեսանյութում պատկերվածի տարբերությունը: Փաստաբանը ուշադրություն հրավիրեց ամբողջական տեսանյութում պատկերված գնդապետ Արտակ Բուդաղյանի գործողություններին.- «Ավտոմեքենայից դուրս է գալիս, և այստեղ երբ մենք առաջին անգամ Արտակին կադրի մեջ տեսնում ենք, մոնտաժված տարբերակի վրա սլաքներ են արված, հնչում է կրակոց։ Հիմա եթե համեմատում ենք, տեսնում ենք այստեղ Բուդաղյանների կողմից կրակոց չի հնչում։ Եվ մոնտաժված տարբերակի մեջ այն պահը, երբ Տիգրան Խաչատրյանը մեքենայի ետևում դիրքավորվում և կրակում է, շատ տարօրինակ ձևով այս կադրերը լղոզված են»։

Հայկ Ալումյանն այսօր վերահաստատեց, որ գործը պետք է մտնի դատարան: Նա ասաց, որ դատարանում ապացուցվելու է, որ Արտակ Բուդաղյանին ներկայացվել է շինծու մեղադրանք։ Ալումյանը նաև հաստատակամ հայտարարեց, որ Ավետիք Բուդաղյանի սպանության հանգամանքները պարտակողները «դուրս են գալու խավարից»:
XS
SM
MD
LG