Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նեղացած են միջազգային դիտորդներից


Ադրբեջան - Միջազգային դիտորդները ասուլիս են տալիս նախագահական ընտրություններից հաջորդ օրը, Բաքու, 10-ը հոկտեմբերի, 2013թ․
Ադրբեջան - Միջազգային դիտորդները ասուլիս են տալիս նախագահական ընտրություններից հաջորդ օրը, Բաքու, 10-ը հոկտեմբերի, 2013թ․

Միլի մեջլիսի նախագահի փոխանցմամբ՝ Բաքուն քննարկում է հետագա ընտրություններին նրանց չհրավիրելու հարցը:

Ադրբեջանում շատ խիստ նեղացած են հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ԵԱՀԿ-ի դիտորդների քննադատական զեկույցից, և նույնիսկ առաջարկներ են հնչում հետագա ընտրություններին այլևս չհրավիրել նրանց:

Ադրբեջանի խորհրդարանի երեկվա նիստում պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է, թե ո՛չ միջազգային ինչ-որ կազմակերպության որոշումը, ո՛չ ինչ-որ մեկի քաղաքական հայտարարությունը չեն կարող փոխել ադրբեջանական ժողովրդի կամքը:

«Որոշ միջազգային կազմակերպություններ ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Մենք տեսել ենք, թե նախկին նման փորձերը ինչպես են ավարտվել: Ադրբեջանը կշարունակի ընթանալ իր ճանապարհով: Մեր երկիրը չի վախենում Եվրոպայից ու նաև չի մտի Ռուսաստանի ներքո ստեղծվող ինչ-որ միության մեջ», - ասել է նա:

Միլի մեջլիսի մեկ այլ պատգամավոր՝ Սիյավուշ Նովրուզովն ասել է, թե ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն ու Եվրախորհրդարանը միշտ կողմնակալ դիրքորոշում են ցուցաբերել Ադրբեջանի հանդեպ, ինչը բացասաբար է ընդունվում Ադրբեջանի ժողովրդի կողմից:

Ասիմ Մուլազադեի կարծիքով՝ այդ ճնշումների հետևում Ադրբեջանի ռազմավարական զարգացմանը խանգարելն է, բայց «նրանց մոտ ոչինչ չի ստացվի»:

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը, իր հերթին, հայտարարել է, թե ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հանդիսանում է ճնշումների մի մեխանիզմ, և երկրների մեծ մասը այդ կառույցի դիտորդներին չեն հրավիրում: Նա ասել է, թե Ադրբեջանը նույնպես քննարկում է առաջիկայում նրանց չհրավիրելու հարցը:

Ասադովը դժգոհություն է հայտնել նաև Եվրախորհրդարանի և Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համեմատաբար նոր ստեղծված Եվրանեսթի դիտորդներից:

«Միանալով Եվրանեսթին՝ Ադրբեջանը այն դիտարկում էր որպես արևելյան և եվրոպական երկրները կապող կառույց, Եվրանեսթի առաջին նիստը Բաքվում է անցկացվել, սակայն, ցավոք, Եվրանեսթը չարդարացրեց Ադրբեջանի վստահությունը», - հայտարարել է Միլի մեջլիսի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG