Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 29-ի մամուլ


Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների առիթով «Ժողովուրդ» թերթն ընդհանրացնում է. - «Հարավային Կովկասի երեք երկրներում անցկացված նախագահական ընտրություններից հետո առավել ակնառու դարձավ այն բովանդակային տարբերությունը, որն առկա է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Եվ եթե, ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանի ընտրություններն անգամ «խավիարային դիվանագիտության» գործարկման արդյունքում ԵԱՀԿ-ն չգնահատեց որպես արդար և թափանցիկ, ապա Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ էր: Հայաստանը, կարելի է ասել, գտնվում է մեջտեղում`ադրբեջանական ավտորիտարիզմի և վրացական դեմոկրատիայի: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ և' առաջին, և' երկրորդ դեպքում կա բովանդակային լիակատար համապատասխանություն: Մինչդեռ Հայաստանում առկա է բովանդակության և ձևի խորին հակասություն, ինչը թերևս երկրի զարգացման համար էլ ավելի վտանգավոր է, քանզի ցանկացած`անգամ ավտորիտար համակարգը կարող է ավելի արդյունավետ լինել երկրի զարգացման համար, քան անձի երկվության համախտանիշով իշխանությունները, որոնք իրենց իմիտատիվ ժողովրդավարությամբ, սակայն ավտորիտար մտածողությամբ այդպես էլ չեն կարողանում համակարգ ձևավորել»:

«Հայոց Աշխարհ»-ի ուշադրության կենտրոնում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու գործընթացն է. - «Հոկտեմբերի 24-25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստերի նախօրեին անընդհատ խոսվում էր Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության առջև գոյություն ունեցող ինչ-որ խոչընդոտների մասին։ Մինչդեռ իրականությունն այն է, որ նիստին նախորդած ողջ իրարանցումն, ըստ էության, Հայաստանի հետ անմիջական կապ չուներ, քանզի խոսքը վերաբերում էր սոսկ Մաքսային միության եռյակի ներսում եղած որոշակի խնդիրների լուծման համար «հայկական խաղաքարտն» օգտագործելու ոմանց երկչոտ փորձերին: Իսկ ահա բուն խնդիրը կամ այդ ամենի հիմնական պատճառը այն է, որ Մաքսային միության եռյակն արդեն որոշակի ճանապարհ է անցել, և այն հաղթահարելու համար Հայաստանը պետք է «սպրինտերի» արագություն հավաքի»։

Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը, պարզաբանելով Մաքսային միության անդամ երկրների` Հայաստանի հայտը երկարաձգելուն ուղղված հայտարարությունները և ինտեգրացիոն որոշակի գործընթաց անցնելու անհրաժեշտությունը, «Ժամանակ» թերթին ասել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը պետք է որոշակիանա Վիլնյուսից հետո, Հայաստանի որոշումը դեռևս հարյուր տոկոսանոց չէ: Կռիլովը պարզաբանել է, որ չի կարելի անդամակցել մի միության, երբ այդ մասին հայտարարում են միանգամից: Ըստ նրա, թեև Հայաստանը պատրաստվում էր միանալ Ասոցացման համաձայնագրին, ԵՄ-ին միանալու մասին ոչ մեկը չէր էլ խոսում նույնիսկ տեսանելի պատմական հեռանկարում: ՄՄ-ում նույնն է, պետք է համաձայնեցնել այն նորմերը, որոնք գործում են այն երկրներում, որոնք ՄՄ անդամ են, իսկ այդ նորմերը թե՛ մաքսային են, թե՛ բեռնափոխադրման, թե՛ անցակետային են: Այսինքն՝ նրա պարզաբանմամբ, այստեղ խնդիրներն ավելի շատ տեխնիկական են, քան քաղաքական: Բայց այս ամենը լուծելու համար անհրաժեշտ է Հայաստանի 100%-անոց կամքը ՄՄ անդամակցության հարցում:

«168 ժամ»-ը գրում է. - «Առաջիկա շաբաթներին Ազգային ժողովը զբաղված է լինելու պետական բյուջեի նախագծի քննարկմամբ ու, բնականաբար, վերջում հաստատելու է բյուջեն: Այդ մի քանի շաբաթների ընթացքում խորհրդարանում զուգահեռաբար տեղի են ունենալու երկու գործընթացներ` հրապարակային և կուլիսային: Հրապարակային ելույթներում ոչ միայն ընդդիմադիր, այլ անգամ իշխանական որոշ պատգամավորներ փորձելու են ցույց տալ, թե որքան մտահոգ են հասարակության սոցիալական վիճակով: Բյուջեի ընդունման հետ կապված հիմնական ինտրիգը, սակայն, ծավալվում է կուլիսային հարաբերություններում, երբ պատգամավորների մեծ մասը Կառավարության հետ պայմանավորվածություններով փորձում է բյուջեից իր «քվոտան» ստանալ` պետական գնումների մրցույթներու, շինարարության տենդերներում և այլ «ատկատային» գործընթացներում սեփական կամ հովանավորյալ ընկերությունների համար մասնաբաժիններ ստանալով: Բյուջեն ի վերջո, իհարկե, ընդունվելու է: Հասարակությանն այս ողջ գործընթացից մնալու են միայն տեսարանները, որոնք, սակայն, վաղուց ձանձրալի են ու անհետաքրքիր»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանից բնակչության արտագաղթի ծավալները կարող են լրացուցիչ պատճառ հանդիսանալ, որպեսզի աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը` ֆրանսիական «Կարֆուր»-ը Հայաստանում հիպերմարկետ չհիմնելու վերջնական որոշում կայացնի»: Թերթի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեղեկություն է հայտնել Էկոնոմիկայի նախարարության մի պաշտոնյա: ««Կարֆուր»-ի մասնագետները գտել են, որ բնակչության թիվը չի բավարարում իրենց նորմալ գործունեության համար», - գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG