Մատչելիության հղումներ

Գիորգի Մարգվելաշվիլին համոզիչ հաղթանակ է տարել


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և ընտրյալ նախագահ Գիորգի Մարգելաշվիլին, Թբիլիսի, 28 հոկտեմբերի, 2013թ.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և ընտրյալ նախագահ Գիորգի Մարգելաշվիլին, Թբիլիսի, 28 հոկտեմբերի, 2013թ.

Միջազգային դիտորդները «ազատ և արդար» են որակում Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում քվեների 62 տոկոսով հաղթել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին։

Այսպիսով՝ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տասնամյակն ավարտվել է։ Նրա առաջնորդած Միացյալ ազգային շարժման թեկնածու Դավիթ Բաքրաձեն, ով քվեների մոտ 22 տոկոսն է ստացել, ընդունել է պարտությունը և արդեն շնորհավորել է մրցակցին։

Խորհրդարանի նախկին խոսնակ, «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Նինո Բուրջանաձեն քվեների 10-ը տոկոսն է վաստակել։

ԵԱՀԿ-ն այդ ընտրությունները որակել է որպես «դրական և թափանցիկ»։ ԵԱՀԿ-ի դիտորդների առաքելության ղեկավար Ժոաո Սոարեսն ասել է, որ «այս մաքուր ընտրությունները վկայում են Վրաստանում դեմոկրատիայի հասունացման մասին»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, երեկվա քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 47 տոկոսը։

44-ամյա Մարգվելաշվիլին գոհունակությամբ է խոսել ընտրությունների մասին։

«Սա շատ կարևոր օր է, որովհետև մենք եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրություններ ենք անցկացրել։ Դրանք կամրապնդեն դեմոկրատիան և մեր քաղաքական ուղին, որի նպատակն է մեր ազգն ու երկիրը կայացնել որպես իսկական եվրոպական պետություն»,- ասել է Մարգվելաշվիլին։

Գործող նախագահ Սաակաշվիլին ասել է, որ հիասթափված է արդյունքներից և դրանք լուրջ նահանջ է որակում։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ ամենակարևորը ժողովրդի կամքի արտահայտությունն է։

«Ընտրությունները տեղի ունեցան, Վրաստանն ունի նոր նախագահ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընտրողներին, անկախ արդյունքից, ցանկացած ընտրություն ամրացնում է դեմոկրատիան, որը մեր քաղաքական համակարգի հիմքն է, և մենք հպարտ ենք դրանով», - ասել է Սաակաշվիլին։

«Վարդերի հեղափոխության» առաջնորդը չէր կարող երրորդ անգամ առաջադրվել։
Վրաստանում ուժի մեջ է նոր Սահմանադրությունը, որն էապես սահմանափակել է նախագահի լիազորությունները։ Իշխանության հիմնական լծակները վերապահվել են վարչապետին։

Հիմա Վրաստանի քաղաքական հիմնական ինտրիգը հենց վարչապետի ընտրությունն է։ «Վրացական երազանքի» առաջնորդ, մեծահարուստ-վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ այս ընտրություններից շաբաթներ անց կազատի պաշտոնը։ Նոր վարչապետի թեկնածությունն ի պաշտոնե կառաջարկի նորընտիր նախագահը, սակայն ակնհայտ է, որ այս հարցում վճռորոշը կլինի Իվանիշվիլիի կարծիքը։

Վրաստանի ընտրություններին է արձագանքել նաև պաշտոնական Մոսկվան։

«Դատելով ստացվող տեղեկություններից, ընտրություններն ազատ էին և արդար, ոչ ոք արդյունքները չի վիճարկում և մենք ընտրությունների կապակցությամբ շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին»,- ասել է արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը և ավելացրել, որ ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում դեռ պետք է սպասել կառավարության ձևավորմանը։

«Որքան հայտնի է, գործող վարչապետը մտադիր է ազատել պաշտոնը։ Պետք է սպասել այդ գործընթացի ավարտին։ Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի վերաբերյալ Վրաստանի նոր իշխանությունը կիրականացնի բարեկամական և բարիդրացիական քաղաքականություն»,- ասել է Լավրովը։

Նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG