Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բրյուսելում


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
Հոկտեմբերի 21-23-ը Բրյուսել կատարած այցելության շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ Օհանյանի աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ամփոփել են վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները և նախանշել հետագա համագործակցության հեռանկարները:

Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը իտալական ստորաբաժանման կազմում հայկական զորախմբի միանալու նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: Կողմերը պայմանավորվել են կարճ ժամանակում ավարտին հասցնել ՅՈւՆԻՖԻԼ-ի կազմում հայ խաղաղապահների ընդգրկման հետ կապված իրավական ընթացակարգերը և սկսել առաքելության իրականացմանն առնչվող գործընթացներ:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ - ամերիկյան երկկողմ համագործակցությանը, մասնավորապես` ԱՄՆ-ի Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի շրջանակներում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը և Հայաստանում խաղաղապահ ուսումնական կենտրոնի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ-ի ռազմաուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում Հայաստանի անձնակազմի անհատական և ստորաբաժանման կազմով անցկացվող դասընթացներին և վարժանքներին, Հայաստանի Զինված ուժերում համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային և մարտավարական ուսումնավարժական կարողությունների ստեղծմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբերին Երևանում անցկացվելիք հայ- ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում երկկողմ համագործակցության հարցերը հանգամանալից քննարկելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG