Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետ. Չկա «լավ տղա» հասկացություն


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել էր քաղաքի կենտրոնական փողոցում առևտուր անող մարդկանց, ում առավոտյան իրավապահներն արգելել էին աշխատել:

«Որ ձեզ առավոտ շուտ գալիս են այդ «հարկահավաքները», որոնք գալիս են սուտ լավ տղա լինելով, չգիտես ինչու, հարկահավաքություն են անում... Ասացի` մտեք նորմալ օրինական դաշտ, բերեք քաղաքապետարանին մուծում կատարեք, մենք էլ ձեզ չեկեր տանք, որպեսզի դուք կարողանաք այ այս ժամանակ ասել` մենք հարկ ենք տալիս... Պրծել է այդ «լավ տղերքը», չկա «լավ տղա» հասկացություն: Լավ տղեն դուք են, պիտի ընտանիք պահեք: Մի տվեք ավելորդ գումարներ այդ «հարկահավաքներին»: Ինչ է, վախենո՞ւմ եք», - ասաց Բալասանյանը:

Հանդիպման մասնակիցներից մեկն արձագաքեց. - «Այս անգամ չէինք տվել, դրա համար հասանք այստեղ»:

«Չեք տվել, իրենք են տվել միլիցիային», - հակադարձեց քաղաքապետը:

Այսօր առավոտյան ոստիկանությունը Գյումրիի Շահումյան փողոցի մի հատվածում առևտրով զբաղվողներին արգելել էր աշխատել` պատճառաբանելով, որ փողոցային առևտուրն արգելված է, խախտվում է հասարակական կարգը:

Առևտրով զբաղվողներին, սակայն, քաղաքապետարանից ասել էին, թե իրենք որևէ կառույց առևտուրն արգելելու մասին գրություն չեն ուղարկել:

«Քանի դեռ քաղաքապետարանը չի լուծել ժողովրդին այլընտրանքային տարածքով ապահովելու հարցը, մենք միջնորդություն ոչ մի կառույցի չենք ներկայացրել այս տարածքները ազատելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քաղաքապետարանի առևտրի բաժնի պետ Կարեն Բադալյանը:

Իրավապահները, այդուհանդերձ, ալգելել էին այդ տարածքում առևտրով զբաղվել մարդկանց, որոնցից շատերի համար դա եկամտի ու գոյատևելու միակ աղբյուրն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նրանք ասացին, որ եթե խնդիրը չկարգավորվի, իրենք էլ ստիպված են լինելու արտագաղթել:

Մի տարեց կին, տեսնելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին, մոտեցավ ու ասաց. - «Գրե, գրե, ըսա, որ տատիկը բողոքում է, որ հայ աղջիկները Թուրքիա են, տղերքը Ռուսաստան են, յոթանասուն տոկոսը ամուսնալուծված են, որբանոցները լիքը էրեխա է: Հերիք չի՞ էդքանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG