Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 22-ի մամուլ




«Ժամանակ»-ը գրում է. - « Խնդիրն այն է, որ այս երկու կուսակցությունները բավական միանման և հետաքրքրական դերակատարում են ունեցել իշխանական համակարգում: Երկուսն էլ, ըստ էության, տարբեր ժամանակահատվածներում կատարել են իշխանության և հասարակության միջև բուֆերի դեր, այսինքն՝ այդ ուժերը տարբեր ժամանակահատվածներում իրենց վրա են վերցրել ընդդիմադիր էլեկտորատի մեծ մասի չեզոքացումը, հասարակական էներգիայի մարումը՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնապես կամ էլ իրենց ակնհայտ գործողություններով համագործակցել են իշխանությունների հետ»:

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը. - «Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի ինքնաթիռի վայրէջքից մոտ կես ժամ առաջ լեզվակռվի են բռնվել իրար հետ, ապա քիչ անց սկսել են հայհոյել մեկմեկու: Լեզվակռվի պատճառն այն է, որ անցած շաբաթ Արթուր Բաղդասարյանը դարձել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, սակայն դա համաձայնեցված չի եղել Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս ամենի մի ուշագրավ ենթատեքստ ունի. խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը ակնհայտորեն դիսկոմֆորտ է զգում Սերժ Սարգսյանի կողմից իրեն հատկացված դերում: Եթե Արթուր Բաղդասարյանը շատ կարճ ժամանակ կատարեց ընդդիմադիրի իր դերը և 2008-ի մարտի 1-ից առաջ պաշտոնապես դարձավ իշխանություն ու հիմա վայելում է այդ կարգավիճակը, ապա Գագիկ Ծառուկյանը նույն դերը շատ ավելի երկար է խաղում, ու դեռ հայտնի չէ, թե երբ է գալու այն «իքս օրը», որի համար բեմադրվում է ներկայացումը»:

Ի պատասխան «Առավոտ»-ի հարցադրմանը, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված այն լուրերը, թե Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախագահի պաշտոնի համար սահմանված` ՀՀ-ում տասնամյա բնակության և քաղաքացիության ցենզի վերանայումը կատարվում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին և նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի համար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշում է. - « Գործընթացն ուղղակիորեն որևէ անձի հետ շաղկապված չէ… Դրանք իրականության հետ աղերս բացարձակապես չունեն: Տասը տարվա մշտական բնակության պահանջը մեր սահմանադրական նորմն է, և հաշվի առնելով Եվրոպայի վերջին զարգացումները, երբ մենք քննարկում էինք 2011-ին մեր ընտրական օրենսգիրքը, թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը առաջարկել էին մեզ անդրադառնալ այդ հարցին` ինչին ի պատասխան նշել էինք, որ խնդիրը վերաբերում է սահմանադրական նորմին և հարցին անդրադարձ կկատարենք: Չնայած Եվրոպան այդ պահանջը «ծայրահեղ կոշտ» է համարում, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք անպայմանորեն ընդունելու ենք այդ առաջարկությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազում եվրոպական երկրներում էլ կան նման կոշտ պահանջներ»:

«Ժողովուրդ» թերթը զրուցել է Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հետ: «Ինչո՞ւ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ-ականներին նիստի հրավիրել» հարցին Արտակ Զաքարյանը պատասխանել է. - «Նախ, նիստ չէր, աշխատանքային քննարկում էր, որը մեր կուսակցությունում բավականին լայն կիրառվող պրակտիկա է: Քննարկմանը մասնակցում են խորհրդի անդամներ, մասնագետներ, փորձագետներ, Կառավարության ներկայացուցիչները, կուսակցության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ և այլն: Իսկ կոնկրետ շաբաթ օրվա քննարկումն էլ նվիրված էր 2014 թվականի բյուջեի նախագծին»: Հարց. - «Տեղեկություններ կան, որ 2014 թվականի բյուջեի հետ կապված ՀՀԿ-ում առկա են լուրջ տարաձայնություններ, որոնք մեղմելու, հարթելու նպատակով էլ հրավիրվել էր Ձեր նշած աշխատանքային քննարկումը»: Պատասխան. - «Կուսակցությունում կոնֆլիկներ չկան: Կան մոտեցումներ, ինչի համար էլ այդ քննարկումները կազմակերպվում են: Եթե բոլորը հարյուր տոկոսով մի մարդու հետ համաձայնեն, քննարկումների անհրաժեշտություն այլևս չի լինելու: Հետևաբար մասնագիտական քննարկումներ են լինում, որը, կարծում եմ, Դուք ինքներդ էլ պետք է ողջունեք և ոչ թե հայտարարեք, թե կոնֆլիկտ գոյություն ունի»: Դիտարկմանը, թե նշվում է, որ այդ կոնֆլիկտները կապված են աշխատավարձերի բարձրացման հետ, Զաքարյանը հետևյալ պատասխանն է տալիս. - «Կան տեսակետներ, բոլոր տեսակետները քննարկվում են: Այդ քննարկումները շուտով նաև կտեղափոխենք Ազգային ժողով, և դրանք կհնչեցվեն նաև այստեղ` Ազգային ժողովի հանձնաժողովի նիստերի ընթացքում, հետագայում` նաև խորհրդարանի դահլիճում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG