Մատչելիության հղումներ

«Կալանավորը նույնպես մարդ է». Նախկին բանտարկյալները բանտերի մասին


Հայաստանի բանտերը՝ նախկին կալանավորների աչքերով
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00
Կալանավորը նույնպես մարդ է, հիշեցնում են վերջերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս եկած Սուրեն Սուրենյանցն ու ճաղերի հետևում երկու տարի ապրած Տիգրան Առաքելյանը։

Երկուսն էլ բանտային կյանքից առաջինը մտաբերում են հերթափոխով քնելը, հիգիենայի տարրական պայմանների բացակայությունն և սնունդը, որից նախընտրում էին հրաժարվել։

«14 մահճակալ ունեցող խցում բնակվում է 16-17 մարդ և մարդիկ հերթափոխով են քնում»,- ասում է Սուրենյանցը։

«Եթե մի խցում կա 10 քնատեղ և այդտեղ ապրում է 20 մարդ, 24 քմ-անոց խցում ամեն մեկին 1 քմ-ից մի փոքր ավելի տարածք է բաժին ընկնում, ուզես, չուզես, հիգիենան դառնում է ոչ բավարար»,- ասում է Տիգրան Առաքելյանը։

Հելսինկյան ասամբլեայի աշխատակից, քրեակատարողական հիմնարկների անկախ խմբի անդամ Օֆելյա Զալյանն ասում է, որ ծանրաբեռնված է հատկապես «Նուբարաշենը»։ Երբ 8 հոգանոց խցում ապրում է 15-20 մարդ, միջազգային չափանիշներով դա անվանում ենք անմարդկային վերաբերմունք, մարդու իրավունքների խախտում, ասում է իրավապաշտպանը։

Կալանավորներից յուրաքանչյուրի սննդի համար պետբյուջեից ամեն օր ծախսվում է 500-600 դրամ։ Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը վերջերս փորձել է արդյունքում ստացված ճաշն ու չի դժգոհում։ Ասում է՝ որակի համար պատասխանատու են նաև հենց կալանավորները, ովքեր և մասնակցում են ճաշի պատրաստմանը։

Իրավապաշտպաններն ու կալանավայրի նախկին բնակիչները, մինչդեռ վստահեցնում են՝ազատազրկվածների մեծ մասը առաջին իսկ հնարավորության դեպքում հրաժարվում է բանտային խոհանոցից, սննդի փոքր մասն իրացվում է, մեծ մասը՝ թափվում։

«Սնունդը, որ պետք է մարդուն իր առողջությունը պահպանելու համար, ես այնտեղ չեմ տեսել»,- ասում է Տիգրան Առաքելյանը։

Վերջերս հայտարարված համաներման արդյունքում մոտավոր հաշվարկներով ազատություն կստանա ավելի քան 1000 մարդ, բացի այդ՝ այժմ նաև նոր կալանավայր են կառուցում Արմավիրում, ինչն, ըստ պաշտոնյաների, մասամբ կլուծի գերբնակեցված կալանավայրերի հարցը։

Իրավապաշտպան Օֆելյա Զալյանի կարծիքով, սակայն, կա էլ ավելի հրատապ խնդիր.- «Հայաստանում քրեակատարողական հիմնարկները հիմնականում պատժիչ բնույթ ունեն, դաստիարակչական որևէ աշխատանք չի տարվում»,- նշում է նա։

Նշված տեսանկյունից արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկները փորձելու է փոխել. Արմավիրում կներդնեն նոր կառավարման համակարգ, երբ հաջողվի, նույնը կանեն նաև քրեակատարողական հիմնարկներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG