Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները գոհ են քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից


Իշխանություններին քաղաքական պահանջներ ներկայացնող ազատամարտիկների հրավիրած քննարկմանն այսօր մասնակցում էին մեկ տասնյակից ավելի կուսակցություններ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» ու Հայ ազգային կոնգրեսը։

Ավելի քան երկու ամիս Ազատության հրապարակում ամեն հինգշաբթի հանրահավաքներ անցկացնող ազատամարտիկները դեռևս շաբաթներ առաջ հանդիպումներ էին ունեցել քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որոնք էլ համաձայնել էին նստել կլոր սեղանի շուրջ ու քննարկել ազատամարտիկների բնորոշմամբ երկիրը կործանման տանող հարցերն ու հանգել որևէ լուծման։ Ազատամարտիկների այս թևը հայտարարել է, որ եթե իշխանությունները չդադարեցնեն երկիրը կործանման տանելու գործողությունները, իրենք իշխանափոխության գործընթաց կնախաձեռնեն:

«Ազատամարտիկները քաղաքական միավոր չեն: Սա իրենք կազմակերպել են, որպեսզի քաղաքական ուժերը իրար հետ նստեն կլոր սեղանի շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը: Մեր հարցին՝ հնարավոր կլինի՞ հաջորդ հանդիպումների ընթացքում գալ ինչ-որ մի եզրահանգման, ՀԱԿ ներկայացուցիչը արձագանքեց․ - «Ես այն կարծիքին եմ՝ միշտ էլ հնարավոր է գալ եզրահանգման և գտնել ուղիներ երկիրը այս աղետալի վիճակից հանելու համար»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առայժմ չի շտապում հայտարարել ազատամարտիկների ներկայացրած պահանջներին միանալու մասին։

Քննարկմանը մասնակցող՝ կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առաջին հանդիպմանը իրենք ընդամենը ներկայացրեցին իրենց կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հարցին, թե համաձայնելով ազատամարտիկների հետ կլոր սեղանի շուրջ քննարկել երկրի խնդիրները՝ հնարավոր համարո՞ւմ են նրանց հետ հետագայում իշխանափոխության գործընթաց սկսելը, Ուրիխանյանն այսպես արձագանքեց․ - «Ես որևէ պահանջ չեմ լսել այս պահի դրությամբ, բացի երկրում վիճակը գնահատելու խնդրանքից կլոր սեղանի ֆորմատի շրջանակներում, ինչն էլ սիրով իրականացրեցի»:

Այսօրվա հանդիպումից ազատամարտիկները գոհ էին։ Հայտարարեցին, թե հաջորդ կլոր սեղանի շուրջ արդեն կքննարկեն՝ «Հայաստանը կործանումից փրկելու ելքերը»։

Նշենք, որ առանցքային քաղաքական ուժերից քննարկմանը չէին մասնակցում Հայ հեղափոխական դաշնակցությունը, իշխող Հանրապետական կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG