Մատչելիության հղումներ

Վիրահայերի դիրքորոշումները նախագահի թեկնածուների հարցում տարբեր են


Վրաստան - Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում իրենց թեկնածուի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, 19-ը սեպտեմբերի, 2013թ․
Վրաստան - Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում իրենց թեկնածուի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, 19-ը սեպտեմբերի, 2013թ․

Ջավախքում Սաակաշվիլիի կողմնակիցների դիրքերն են բավական ամուր, Թբիլիսիում՝ «Վրացական երազանք»-ի, քիչ չեն նաև Բուրջանաձեին սատարող վրացահայերը:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից տասն օր առաջ ջավախահայության քաղաքական նախապատվությունները գրեթե հավասարապես կիսվել են երեք հիմնական թեկնածուների` «Վրացական երազանք»-ը ներկայացնող Գեորգի Մարգվելաշվիլիի, Նինո Բուրջանաձեի և գործող նախագահ Սաակաշվիլիի զինակից Դավիթ Բաքրաձեի միջև: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման դիտարկում արեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

«Սրանք Վրաստանի նորագույն պատմության ընթացքում կամ գոնե վերջին 10-15 տարիներին անցկացվող առաջին ընտրություններն են, որոնց ընթացքում քվեները կբաժանվեն առնվազն երեք թեկնածուների միջև: Դրա պատճառն այն է, որ կուսակցություններից և ոչ մեկի գործունեությունը տարածաշրջանում սահմանափակված չէ», - նշեց Ստեփանյանը:

Ուշագրավ է, որ, «Բազմազգ Վրաստան»-ի ղեկավարի խոսքով, ի տարբերություն երկրի մյուս շրջանների` Ջավախքում պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների դիրքերը բավական ամուր են: Դրա գլխավոր պատճառը Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այժմ` վրացական խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի պահպանվող ազդեցությունն է:

«Ջավախքում մինչ օրս վախի զգացում կա Սաակաշվիլիի շահերը ներկայացնող կլանների, նախևառաջ՝ նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի հանդեպ: Վերջինս էլ ակտիվորեն այն միտքն է տարածում շրջանում, որ այստեղ իշխանափոխություն տեղի չի ունեցել, որ ամեն ինչ նախկինի պես է: Այդ վախն էր նաև պատճառը, որ երկու օր առաջ Բիձինա Իվանիշվիլիի և նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը Ախալքալաքի կենտրոնում ներկա էր 1500, առավելագույնը՝ 2 հազար մարդ: Գործող վարչապետի պարագայում դա այնքան էլ շատ չէ», - ասաց Ստեփանյանը:

Ինչ վերաբերում Թբիլիսիի հայերին, ապա նրանց շրջանում իշխող «Վրացական երազանք»-ի դիրքերը անհամեմատ ավելի ուժեղ են, ինչը չես ասի Սաակաշվիլիի կուսակցության թեկնածուի մասին:

«Ես Թբիլիսիում ընդամենը երկու հայ գիտեմ, ովքեր քվեարկում են Սաակաշվիլիի [կուսակցության] օգտին` Վան Բայբուրդն ու իմ ազգականուհիներից մեկը: Որևէ այլ հայազգի ընտրող, որ պատրաստվում է քվեարկել Սաակաշվիլիի կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին, ես չեմ ճանաչում: Չնայած դրան, ես չեմ բացառում, որ Թբիլիսիի հայության մոտ 10 տոկոսը կարող է քվեարկել Դավիթ Բաքրաձեի օգտին: Համենայնդեպս, արևմտյան կազմակերպությունների հետազոտությունների համաձայն՝ Թբիլիսիի ողջ բնակչության շրջանում Բաքրաձեի վարկանիշը տատանվում է 15-ից 20 տոկոսի միջակայքում», - նշեց Ստեփանյանը:

«Նինո Բուրջանաձեի պարագայում էլ նրա օգտին քվեարկել պատրաստվող հայերն ու վրացիները նույն դրդապատճառներն ունեն», - համոզված է վրացահայ գործիչը:

«Բուրջանաձեի օգտին կքվեարկեն այն հայերը և ընդհանրապես Վրաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են կարգավորված տեսնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սա միակ հաղթաթուղթն է, որ կարող է Բուրջանաձեն ներկայացնել հայերին: Բացի այդ, նրա օգտին կքվեարկեն այսպես կոչված արդարություն պահանջող խմբերը, քանի որ Բուրջանաձեն խոստանում է կտրուկ կերպով լուծել այն բոլոր հարցերը, որոնք չի կարողացել լուծել «Վրացական երազանք»-ը: Լուծել ասելով՝ նրանք նկատի ունեն Սաակաշվիլիի կողմնակիցներին ձերբակալելը, նստեցնելն ու ոչնչացնելը», - նկատեց Առնոլդ Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG