Մատչելիության հղումներ

Իտալիայի մարզիչը Հայաստանի հետ հանդիպման արդյունքից շփոթված է


Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Չեզարե Պրանդելլին Հայաստանի հետ հանդիպման արդյունքից շփոթված է։ Խաղից հետո նա հայտարարել է, որ դեռևս չի որոշել թե որ ֆուտբոլիստները աշխարհի խաղերին մասնակցելու հնարավորություն կունենան։

«Սա չպետք է տեղի ունենար, քանի որ մենք արդեն աշխարհի խաղերին մասնակցելու իրավունք էինք ստացել։ Այս խաղից ես եզրակացրեցի, որ որոշ ֆուտբոլիստների համար Իտալիայի ազգային հավաքականի մարզաշապիկ կրելը ծանր գործ է»,- Football Italia-ի փոխանցմամբ ասել է Պրանդելլին։

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի խաղին Պրանդելլին ասել է, որ նախորդ հանդիպումից հետո այն զգալի աճ է գրանցել։

«Մենք միշտ էլ հարգանքով ենք վերաբերվել Հայաստանի հավաքականին։ Այն ուժեղ է ֆիզիկապես, իսկ ամենալավ որակը արագ հակագրոհներ կազմակերպելու ունակությունն է, Հայաստանը հետաքրքիր թիմ ունի։»,- ասել է Իտալիայի հավաքականի մարզիչը։

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը այս հանդիպումը հետաքրքիր է համարում, իսկ արձանագրված հաշիվը՝ խաղին համապատասխան։ Հանդիպումից հետո անդրադառնալով արտագնա խաղերում հավաքականի հաջող ելույթներին Մինասյանը նշել է, որ մեր հավաքականի ուժեղ կողմը պաշտպանությունից հարձակման անցնելն է, ինչն էլ երևի թե հաջողության հիմնական պատճառն է։ Թե ինչն է պատճառը, որ ազգային հավաքականը հաջողությամբ հանդես չի գալիս սեփական հարկի տակ, Մինասյանը խոստացավ պատասխանել Երևանում առաջիկայում կայանալիք ասուլիսի ընթացքում։

Խաղից հետո լրագրողների հետ են զրուցել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները։ Armsport.am-ի փոխանցմամբ Յուրա Մովսիսյանը ափսոսանք է հայտնել, քանի որ Հայաստանը հաղթելու շանս ուներ։

Հենրիխ Մխիթարյանի կարծիքով էլ հավաքականի ֆուտբոլիստները հաղթանակի համար պայքարել են մինչև վերջին պահը, ճիշտ է ընթացքում սխալներ են թույլ տվել, բայց դրանցից միայն պետք է դասեր քաղեն, առաջիկայում ավելի լավ հանդես գալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG