Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 16-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթն անդրադառնում է Հայաստան - Իտալիա երեկվա ֆուտբոլային հանդիպմանը. - «Իհարկե, իտալացիների համար խաղը մրցաշարային մոտիվացիա չուներ, և թիմը դաշտ էր դուրս եկել ոչ ուժեղագույն կազմով և տրամադրվածությամբ, բայց դա Իտալիայի հավաքականն է, որի անունն արդեն իսկ ուժ է: Հետևաբար` Հայաստանի հավաքականի տղաների ոչ-ոքին ամենևին արժեզրկված չէ, և այդ դրական ավարտի վրա պետք է կառուցել հաջորդ մրցաշարի սկիզբը՝ միայն թե սխալները հասկանալու և շտկելու կարողությամբ և կամքով»:

«Ի վիճակի՞ է արդյոք Հայաստանի բնակչությունը ինքնուրույն, անկախ պետականություն ունենալ, թե՞ ի վիճակի չէ», - հարցադրում է հնչեցնում «Չորրորդ իշխանություն»-ն ու շարունակում. - «Խոսքը, հասկանալի է, ձևական անկախության մասին չէ, որ այդ տարածքը քարտեզի վրա առանձին գույնով ներկվի, ֆուտբոլի հավաքականին էլ թույլ տան մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլերին: Խոսքն այնպիսի պետական համակարգի մասին է, որը բնակչության համար շատից-քչից տանելի կենսապայմաններ կապահովի, կերաշխավորի սոցիալական արդարությունն ու օրենքների գերակայությունը, կապահովի արտաքին անվտանգությունը, մարդիկ էլ չեն փախչի երկրից: Թե չէ ձևականորեն անկախ պետականություն ով ասես ունի` աֆրիկյան կիսավայրենի ցեղերից սկսած, Պոլինեզիայի բնիկներով վերջացրած»:

«Հրապարակ»-ը մեջբերում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի` Եվրոպայի հայերի երրորդ համագումարում ունեցած ելույթից հետևյալ հատվածը. - «Եթե իրավիճակը ևս 4-5 տարի այսպես շարունակվի, կամ կկատարվի մեր թշնամիների երազանքը՝ Հայաստանը կունենա 1 միլիոնից պակաս բնակչություն, կամ կմտնի Ռուսաստանի մեջ»: Թերթը մեջբերում է նաև նույն համագումարի շրջանակում Եվրոպայի հայության տարածած կոչից. - «Համագումարի մասնակիցները գտնում են, որ այսօր վտանգված է հայ ժողովրդի գոյությունը փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանն սպառնացող լուրջ խնդրի… Մարդիկ արտագաղթում են՝ գերադասելով ապրել և արարել այլ երկրների նվաստացուցիչ պայմաններում, քան սեփական Հայրենիքում»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. - «Որքան էլ Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձի ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում առկա ծայրահեղ սոցիալական խնդիրներից`դրա համար կիրառելով ամենատարբեր գործիքներ` սկսած ակտիվիստների շոուներից, ավարտած անհեթեթ բաց նամակներով, միևնույն է, դա երկար էֆեկտ չի ունենալու: Որովհետև սոված մարդը չի կարող երկար ժամանակով մոռանալ այն մասին, որ ինքը սոված է: Ուստի ժողովուրդը չի կարող մոռանալ երկրի ղեկավարի հրապարակավ հնչեցրած խոստումները արձանագրվելիք տնտեսական 7 տոկոսանոց աճի, բարձրացվելիք աշխատավարձերի և այլի մասին: Եվ երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը ստիպված է լինում ամեն անգամ հանդես գալ տարբեր արդարացումներով, թե ինչու չի կարողացել ապահովել այդ աճը, կամ ինչու աշխատավարձերը այդպես էլ չեն բարձրանում, ժողովուրդը ակամայից հիշում է պետական միջոցները թալանելու անթույլատրելիության մասին անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանի` կառավարությունում ունեցած հայտնի ելույթը ատկատների և մեծ ձկներին գլխից բռնելու մասին: Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի բոցաշունչ ելույթը փաստորեն նրա ենթակաների շրջանում բանի տեղ դնող չեղավ, քանի որ գոնե օրինակի համար գեթ մեկ մեծ ձկան գլխից չբռնեցին: Իսկ որ այդ ձկները, ավելի ճիշտ` շնաձկները նույն Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատում են, բոլորից լավ գիտի հենց ինքը` ձկնաբույծը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Նրանք, ովքեր համաձայն չեն Զորի Բալայանի տեսակետների հետ, ովքեր առողջ, պրագմատիկ, պետական մոտեցումների կողմնակիցներ են, պետք է մեղադրեն ոչ այնքան գրող-հրապարակախոսին կամ ՀՀԿ-ին, որքան իրենց: Այսինքն՝ մեզ բոլորիս: 22 տարում մենք չենք կարողացել մեր ժողովրդի, հասարակության մեջ ներարկել պետական արժանապատվության, սեփական ճակատագրի համար պատասխանատվության զգացում: Եթե կարողանայինք, ապա Զորի Բալայանի նամակի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի»:

Ռուսաստանի նախագահի մամուլի և տեղեկատվության վարչությունից երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ Վլադիմիր Պուտինին հասցեագրված Զորի Բալայանի նամակը ստացել են և ուղարկել համապատասխան վարչություն: Թերթի հարցին, թե որն է պաշտոնական Մոսկվայի արձագանքն այդ նամակի բովանդակության վերաբերյալ, Կրեմլի լրատվական վարչությունից խոստացել են պատասխանել այսօր:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG