Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է դադարեցնել քաղաքական հետապնդումները Փոստանջյանի նկատմամբ


Այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցությունը՝ պահանջելով իշխանություններից դադարեցնել «քաղաքական հետապնդումները, վիրավորանքների ու լուտանքների արշավը» Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ:

Հայտարարությամբ «Ժառանգություն»-ը իշխանություններից պահանջում է նաև օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Փոստանջյանի հասցեին «ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրած» բարձրաստիճան պաշտոնյաներին:

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած Փոստանջյանի հարցից, թե արդյոք վերջերս Եվրոպայում նա եղել է կազինոյում և տանուլ տվել է 70 միլիոն եվրո:

Սարգսյանի պատասխանը հայտնի է․ - «Երբեք չեմ եղել Եվրոպայում որևէ կազինոյում, չեմ խաղում կազինոներում»:

Սակայն հարցը այդքանով չփակվեց: Հաջորդ օրը հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ, Սերժ Սարգսյանի կուսակից Հովիկ Աբրահամյանը՝ թե մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում՝ «հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը»:

Իսկ օրեր անց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, իշխող Հանրապետականի խորհրդի անդամ Խաչիկ Ասրյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց. - «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ'Արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»: Ճիշտ է, հաջորդ օրը Ասրյանը հանդես եկավ պարզաբանմամբ, թե նկատի է ունեցել, որ խարույկի վրա պետք է այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի «ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը»:

Հատկանշական է, որ մինչև օրս հայաստանյան իրավապահները, ինչպես ներկայացնում է Փոստանջյանը, քրեական գործ չեն հարուցել Ասրյանի հայտարարության կապակցությամբ, թեև Ասրյանի հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորը դիմել է ոստիկանություն և խնդրել է նաև ապահովել իր ու իր ընտանիքի անդամների անվտանգությունը: Ոստիկանությունը թիկնապահներ է հատկացրել Զարուհի Փոստանջյանին:

Այստեղ հարց է առաջանում, եթե իրավապահները ընդունում են, որ առկա է վտանգ և ոստիկաններ են հատկացնում՝ ընդդիմադիր գործչի անվտանգությունը ապահովելու համար, ինչո՞ւ իրավական գնահատական չի ստանում հնչած բացահայտ սպառնալիքը:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անընդունելի է համարում Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները:

Ուշագրավ է, որ ժամեր առաջ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատել է իր մտադրությունը՝ փոփոխություններ իրականացնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունում՝ պատվիրակության կազմից դուրս թողնելով Փոստանջյանին:

«Ես իմ մտադրությունը չեմ փոխել», - հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանի դեռ առաջին հայտարարությունից հետո խիստ արձագանք ստացվեց ԵԽԽՎ-ից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր Զարուհի Փոստանջյանը, ինքը դիմել է ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովին, և այնտեղից պարզաբանումներ ստացել, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայաստանյան պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությունը, ապա կլինի արձագանք հենց Եվրոպայի խորհրդից:

Արձագանքելով Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությանը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց․ - «Դա կլինի քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը հենց նույն Եվրախորհրդում խիստ մերժելի երևույթ է: Եվ դա ոչ մեկ անգամ է ապացուցվել»:

Մարտիրոսյանն ասաց, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում փոփոխություն կատարելու հարցով խմբակցությունը որևէ պաշտոնական գրություն չի ստացել, և հավելեց․ - «Նույնիսկ եթե դիմեն, մենք այսօր մեր հայտարարության մեջ արդեն նշել ենք, որ «Ժառանգության» թեկնածուն դա Զարուհի Փոստանջյանն է, և մենք չենք պատրաստվում փոփոխություններ կատարել մեր առաջարկած թեկնածուի անձի վերաբերյալ»:
XS
SM
MD
LG