Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է դադարեցնել Փոստանջյանի դեմ հետապնդումները


Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ խիստ մտահոգություն արտահայտելով Հայաստանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական վիճակի կապակցությամբ և գնահատելով այն որպես օրըստօրե վատթարացող, օրհասական ու անհապաղ արձագանք պահանջող:

«Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է իշխանությունը գրաված վարչախմբի և անձամբ ՀՀ նախագահի պաշտոնը դե ֆակտո զբաղեցնող Սերժ Սարգսյանի վրա», - հայտարարում է «Ժառանգություն»-ը՝ շարունակելով․ - «Այս պայմաններում առավել քան մտահոգիչ է քաղաքական հետապնդումների այն թափը, որ իշխանությունները ծավալեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դեմ՝ Ստրասբուրգում վերջինիս հնչեցրած սթափեցնող գնահատականի և հարցի համար: Մինչդեռ նա, անկախ հարցի բովանդակությունից, գործել է պատգամավորական իր լիազորությունների շրջանակներում՝ օգտվելով ազատ խոսքի իրավունքից, հետևաբար ընդդիմախոս գործչի նկատմամբ ցանկացած հետապնդում համարում ենք անընդունելի և խստիվ դատապարտում ենք»:

Ընդգծելով, որ մտադիր չէ այլ անդամով փոխարինել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության իր ներկայացուցչին, «Ժառանգություն»-ը իշխանություններից պահանջում է «դադարեցնել տիկին Փոստանջյանի դեմ ուղղված քաղաքական հետապնդումները և վիրավորանքների ու լուտանքների արշավը և, ընդհանրապես, հարգել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատ արտահայտության իրավունքը»: «Իսկ նրանք, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում, պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:», - հայտարարում է ընդդիմադիր կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը օրեր առաջ դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով ապահովել իր և իր ընտանիքի բոլոր անդամների անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG