Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներ Պաուլսին և Տրետյակին


Տարոն Մարգարյանը ոսկե մեդալով պարգևատրում է Ռայմոնդ Պաուլսին, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
Տարոն Մարգարյանը ոսկե մեդալով պարգևատրում է Ռայմոնդ Պաուլսին, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ ընդունել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող լատվիացի հայտնի երգահան Ռայմոնդ Պաուլսին:

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում կազմակերպված գալա համերգին հանդես գալու համար, Մարգարյանը ընդգծել է, որ հայտնի երգահանի ելույթն իսկապես սպասված էր երևանցիների կողմից: Նա Երևանի 2795-ամյակի կապակցությամբ, հայ - լատվիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի, երաժշտության բնագավառում մեծ վաստակի համար Պաուլսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ռայմոնդ Պաուլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի համար, և ասել է, որ մեծ սիրով է մասնակցել Երևանի օրվան նվիրված տոնակատարությանն ու իսկապես հիացած է տոնախմբության վերածված տոնական միջոցառումներով:

Նույն օրը Տարոն Մարգարյանը ընդունել է նաև «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսակիր Վլադիսլավ Տրետյակին՝ նրան ևս պարգևատրելով Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG