Մատչելիության հղումներ

Հայ երկրպագուների վատ տրամադրվածությունը բուլղարացիներին չի վախեցնում


Հայաստանի հավաքականի մարզումները Պրագայում, արխիվ, 6-ը սեպտեմբերի, 2013թ․
Հայաստանի հավաքականի մարզումները Պրագայում, արխիվ, 6-ը սեպտեմբերի, 2013թ․

Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների անվտանգությունը Երևանում հատուկ ռեժիմով է պահպանվում։

Երեկ ուշ երեկոյան Հանրապետական մարզադաշտում բուլղարացիների մարզման ժամանակ նրանց հսկում էին մեծ թվով ոստիկաններ, տարածքը փակ էր, իսկ լրագրողներից՝ մինչ մարզադաշտ մուտք գործելը, երկու անցակետերում փաստաթղթեր էին պահանջում։

Երեկոյան մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հետ հանդիպեց Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը։ Թեև մարզիչը մտահոգ և լարված տեսք ուներ, բայց վստահեցրեց, որ հայ երկրպագուների վատ տրամադրվածությունը իրենց չի վախեցնում։

Հետաքրքիր է, որ այդ պահին սրահում գտնվող հեռուստաօպերատորներից մեկը փորձեց մարզչին ավելի մոտ կանգնել նկարահանելու նպատակով, Պենևը դա նկատեց, և միանգամից պահանջեց, որ իրենից հնարավորինս հեռու կանգնեն։

«Եթե ինչ որ մեկը կարծում է, որ նման ձևով դիմավորելով վախեցրել է մեզ, ապա դուք սխալվում եք, այդ ձևով մեզ հաստատ չեք վախեցնի։ Բնականաբար մենք պատրաստ ենք այս խաղին։ Իհարկե հաշիվ կանխատեսելը ճիշտ չէ, բայց մենք եկել ենք միայն հաղթելու համար», - հայտարարեց մարզիչը:

Հայ երկրպագուների կողմից նման վերաբերմունքի պատճառ հանդիսացած Բուլղարիայում տեղի ունեցած դեպքերը Պենևը հրաժարվեց մեկնաբանել, միայն ասաց, որ այդ խաղը բավականին լարված ընթացավ, իսկ բուլղարացի ֆուտբոլիստների կողմից ոչ մի սադրանք չի եղել։

Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի կարծիքով բուլղարացիները հայ երկրպագուների կողմից նման դիմավորման արժանի էին։ Մեկնաբանի խոսքով, դա մրցակցին հոգեբանորեն ճնշելու նպատակ ունի, բայց կարևոր է, որ ամեն ինչ լինի չափավոր։

Քալանթարյանի կարծիքով մեր հավաքականի ֆուտբոլիստները Սոֆիայում սադրանքների տրվեցին, ինչն էլ պարտության պատճառներից մեկն էր: Այսօրվա խաղում մեր տղաները, ըստ նրա, պետք է անկախ մնան և մարզադաշտում մտածեն ոչ թե ռևանշի, այլ լավ խաղ ցուցադրելու և հաղթելու մասին, ինչը շատ իրատեսական է։

«Ավելին ասեմ՝ շատ վստահ եմ, որ մենք այսօր հաղթելու ենք: Նույնիսկ կհամարձակվեմ կանխատեսել, որ երկու և ավելի գնդակի առավելությամբ ենք հաղթելու: Չգիտեմ որտեղից այս վստահությունը, բայց թե՛ թիմի տրամադրվածությունից, թե՛ իմ ներքին կանխազգացումով այսպիսի հայտարարություն կարող եմ անել: Շատ գործոններ արդեն եկել-հավաքվել են, որ հասունացել է այս հաղթանակը մեր հավաքականի», - նշեց Էդուարդ Քալանթարյանը:

Երեկ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, անդրադառնալով այսօրվա խաղին, հայտարարել էր, որ ի տարբերություն Բուլղարիայի հետ նախորդ հանդիպման, այս անգամ սադրանքների չեն ենթարկվելու և խաղալու են միայն հաղթանակի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG