Մատչելիության հղումներ

Անսպասելի ցուցմունքներ․ «Հարսնաքարի» գործով դատավարությունը վերսկսվեց


Հայաստան -- «Հարսնաքարի» գործով դատական նիստ, Երևան, 13-ը սեպտեմբերի, 2012թ․
Հայաստան -- «Հարսնաքարի» գործով դատական նիստ, Երևան, 13-ը սեպտեմբերի, 2012թ․

«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստի ժամանակ անսպասելիորեն ցուցմունք տվեցին ամբաստանյալներից երեքը:

Նախ՝ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, թե ցանկանում է ցուցմունք տալ: Դատավորը ստիպված եղավ վերսկսել դատաքննությունը: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, թե ինքն է հարվածել Վահե Ավետյանին: Ըստ այդ ցուցմունքի Վահե Ավետյանը հայհոյել է, ձեռքը մեկնել է որ խփի, և Նորայր Հայրապետյանն է հարվածել Վահե Ավետյանին:

Բայց ամբաստանյալը մանրամասներ ճշտելու նպատակ հետապնդող հարցերին չպատասխանեց: Նա միայն ասում էր, թե բացառապես ինքն է հարվածել Վահե Ավետյանին:

Հիշեցնենք, որ այս գործի նախաքննության ավարտից հետո բազմաթիվ հայտարարություններ էին հնչում, թե նախաքննական մարմինը, չպարզաբանելով մի շարք հանգամանքներ, չի անհատականացրել ամբաստանյալների ցուցմունքները, և փաստորեն, դատավարության ավարտական փուլում, երբ սպասվում է, որ մի քանի նիստից հետո դատավորը պետք է դատավճիռ պետք հրապարակի, մինչ այդ Վահե Ավետյանին հարվածելու մասին պնդումներից հրաժարված Նորայր Հայրապետյանը, փաստորեն «իր վրա վերցրեց» Վահե Ավետյանին վնասվածքներ հասցնելու և նրա կյանքին վերջ դնելու պատասխանատվությունը:

Բացի Նորայր Հայրապետյանից ցուցմունք տվեց նաև Գարիկ Մարգարյանը: Նա էլ նշեց, թե հարվածել է մյուս ռազմական բժշկին՝ Արտակ Բայադյանին: Ասաց, թե Արտակ Բայադյանը անգամ գետնին ընկած էր հայհոյում: Իր ընկերոջ՝ Նորայր Հայրապետյանի օրինակով Գարիկ Մարգարյանն ասաց, թե բացի իրենից որևէ այլ անձնավորություն չի հարվածել Արտակ Բայադյանին: Իսկ երբ մեղադրողը հարցեր ուղղեց Գարիկ Մարգարյանին Նորայր Հայրապետյանի գործողությունների մասին, վերջինս ասաց, թե Նորայր Հայրապետյանն արդեն ցուցմունք է տվել և, փաստորեն, չպատասխանեց հարցերին:

Քանի որ այս դատավարության ժամանակ մինչ այս հնչած ցուցմունքների և ամբաստանյալների այսօրվա անսպասելի ցուցմունքների միջև կային հակասություններ, տուժող կողմի ներկայացուցիչը փորձեց մանրամասներ պարզել, բայց դատավորի որոշմամբ շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան:

Օրվա ավարտին մյուս ամբաստանյալներից Արթուր Բաբլոյանը հայտարարեց, թե քանի որ իր ընկերներն արտահայտեցին իրենց զգացողությունները, ինքն էլ է կամենում իր՝ «զգացողություններն արտահայտել»: Նա էլ հայտարարեց, թե ինքն է հարվածել տուժող Գարիկ Սողոմոնյանին:

Համաներումը՝ անսպասելի ցուցմունքների պատճա՞ռ


Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան կարծիք հայտնեց, որ այս անսպասելի ցուցմունքների հիմքում համաներման հնարավորությունից օգտվելն է: Նրա մեկնաբանությամբ, այս ցուցմունքների նպատակն է անհատականացնել ամբաստանյալների գործողությունները:

«Հիմա պաշտպանության կողմը, ինչպես նաև մնացած շահագրգիռ կողմերը, ձգտելու են հնարավորինս շուտ ավարտել դատաքննությունը»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Հայտնի է, որ ըստ ԱԺ որոշման, համաներումը պետք է կիրառվի մինչև դեկտեմբերի 25-ը:
XS
SM
MD
LG