Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանը ոգևորված չէ համաներումից


«Հանցագործին են համաներում, մենք հանցագործ չենք, որ համաներվենք», - ասում է ակտիվիստը։

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր չլսեց անազատության մեջ գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը և անսպասելիորեն ավարտեց դատական նիստը՝ հարուցելով նիստին հետևողների զայրույթը։

Այն պահին, երբ Շուշանյանը ոտքի էր կանգնել և խոսում էր միջնորդությունը ներկայացնելու մասին, նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը պաշտպանին ընդհատելով և թեմային որևէ կերպ չարձագանքելով` հայտարարեց, որ դատական նիստն ավարտված է և կշարունակվի չորեքշաբթի։ Տիգրան Առաքելյանին ձեռնաշղթաներ հագցրեցին և տարան, ինչը ավելի զայրացրեց նիստին ներկա քաղաքացիներին:

«Էդպես գնացեք Լիսկային բռնեք, Լիսկային: Թե՞ էդքան ռիսկ չունեք։ Ամո'թ», - բացականչում էին նրանք։

Բանն այն է, որ Տիգրան Առաքելյանի փաստաբանը, վկայակոչելով համաներման մասին Ազգային ժողովի որոշումը, համոզված էր, որ այլևս որևէ հիմք չկա ակտիվիստին բանտում պահելու համար, քանի որ համաներման ակտը, որը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, արդեն իսկ բացառում է ազատության մեջ գտնվելով նախաքննությունից թաքնվելու, փախչելու կամ նախաքննությանը խոչընդոտելու՝ դատարանի մշտական հիմնավորումները, որոնք նախկինում վկայակոչելով վերաքննիչը մերժում էր խափանման միջոցը փոխելու ու Տիգրանին ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։

Համաներումը Առաքելյանի վրա տարածվում է որոշման երրորդ կետի երկրորդ ենթակետով, ըստ որի առավելագույնը 10 տարվա ազատազրկման դատապարտվածները պատժի մեկ երրորդը կրած լինելու դեպքում ազատ են արձակվում, իսկ 6 տարվա ազատազրկման դատապարտված ակտիվիստը արդեն երկու տարի երկու ամիս բանտում է։ Ուստի պաշտպանական կողմը համոզված է, որ Տիգրան Առաքելյանն էլ կարող է այս գործով անցնող մյուս 3 ակտիվիստների՝ չհեռանալու մասին ստորագրությամբ ու գրավի դիմաց ազատության մեջ գտնվող Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գեւորգյանի պես ազատ գալ և ներկայանալ վերաքննիչի նիստերին մինչև դատավարության ավարտն ու դատավճիռը։

«Սա բացահայտ կամայական քայլ էր դատարանի կողմից, այս պրոցեսի ընթացքում նման ակնհայտ աղաղակող կամայականություն դատարանի կողմից չէր եղել», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առաքելյանի փաստաբանը` դատարանին մեղադրելով «խայտառակ վարքագիծ» ցուցաբերելու մեջ: - «Ավելին` ոչ թե դատարանը պետք է սպասեր, որ մենք հանդես գայինք նման միջնորդությամբ, այլ դատարանը սեփական նախաձեռնությամբ պետք է Տիգրան Առաքելյանի կալանքը վերացներ, և այսօր դատական նիստը սկսվելուն պես այդ մասին պետք է հայտարարվեր։ Բայց նման հայտարարություն չարեց, և մենք ցանկացանք ստիպված այդ միջնորդությունն անել»։

Մուշեղ Շուշանյանի համոզմամբ` կա Տիգրան Առաքելյանին մինչև Վերաքննիչի դատավճիռը անազատության մեջ պահելու և դատավճռով համաներմամբ ազատ արձակելու քաղաքական որոշում, դրա համար էլ դատարանը չցանկացավ լսել պաշտպանական կողմին։

Մինչդեռ Առաքելյանին ու փաստաբանին չի բավարարում ակտիվիստներին մեղավոր ճանաչելու և համաներում կիրառելու հեռանկարը. նրանք պահանջում են արդարացման վճիռ, և այսօր հենց նիստի սկզբում միջնորդեցին դատարան կանչել, կրկնակի հարցաքննել բոլոր այն վկաներին, որոնց ցուցմունքները, իրենց կարծիքով, կապացուցեն գործի «սարքված» լինելն ու ակտիվիստների անմեղությունը:

«Հանցագործին են համաներում, մենք հանցագործ չենք, որ համաներվենք», - լրագրողի հարցին ի պատասխան ասաց Առաքելյանը` հավելելով, որ գուցե դա ուրախացնի ոստիկանության նախկին պաշտոնյաներ Հովհաննես Թամամյանին ու Մարգար Օհանյանին, բայց ոչ իրեն:

«Ամեն դեպքում ես ոգևորված չեմ համաներումից, չեմ վերաբերվում ոչ մի կերպ», - ասաց նա։

«Մեր նպատակը Տիգրան Առաքելյանի և մյուս տղաների արդարացմանը հասնելն է։ Մենք, իհարկե, կարող էինք պրոցեսը արհեստականորեն արագացնել, այսօր գալ դատական նիստի սկզբում հայտարարել, որ մենք նոր միջնորդություններ չունենք, կիսատ-պռատ ինչ-որ ճառ ասել, դատարանն էլ այսօր հեռանար խորհրդակցական սենյակ, գար հայտարարեր, ու Տիգրանը հայտնվեր ազատության մեջ։ Բայց մենք ցանկանում ենք լիարժեք օգտվել մեր դատավարական իրավունքներից», - ասաց Շուշանյան: - «Մեր նպատակը հիմնավորելը, ապացուցելն է, որ Տիգրան Առաքելյանն ու մյուս տղաները ոստիկանության կողմից կամայականությունների ու հանցանքների զոհ են, նրանք չեն հանցագործները, այլ նրանց նկատմամբ ապօրինի գործողություններ կատարողները»։

Դատարանն այսօր բավարարեց միայն ոստիկան Շահեն Հարությունյանին նորից հարցաքննելու միջնորդությունը. նա այն տուժողն է, ով Խնկո ապոր գրադարանի մոտ կատարվածը իր հեռախոսով նկարահանել էր, սակայն ոչ ոք այդ տեսանյութը չի տեսել, քանի որ ոստիկանը շարունակ պնդում է, որ միջադեպի ժամանակ Տիգրանն իրեն հարվածել, գցել է գետնին, և ինքը հեռախոսը կորցել է։ Մինչդեռ Տիգրան Առաքելյանն այսօր հայտարարեց, որ այս ոստիկանը ստում է, քանի որ ըստ «Վիվասել» ընկերության տրամադրած փաստաթղթի, այս հեռախոսահամարի հետ կապը 2011-ից մինչև առնվազն այս տարվա օգոստոսը երբևէ չի խզվել:

«Շահեն Հարությունյանը ոչ միայն տուժող չէ, այլ նաև ստախոս է, նա և իր ընկերները սուտ ցուցմունքներ են տվել, ինչի հետեւանքով ես մեղադրվում եմ ծանր հանցագործության մեջ, ուստի պահանջում եմ դատարանից իրավական գնահատական տալ», - ասաց ակտիվիստը։

Դատարանն այս ոստիկանին կհարցաքննի հաջորդ նիստում։ Մուշեղ Շուշանյանը մտադիր է կրկին հանդես գալ Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ։
XS
SM
MD
LG