Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում մեկնարկել է «Արցախահայության ազգային-ազատագրական պայքարը» գիտաժողովը


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում այսօր մեկնարկել է «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը:

«Գիտաժողովը կոչված է վերաիմաստավորելու 25 տարիների մեր անցած ճանապարհը, որը հիմնականում կապված է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նորագույն փուլի հետ: Դրա ամենակարևոր պսակը կարելի է համարել անկախ, ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա փոխանցմամբ` գիտաժողովն անդրադարձել է նաև Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին. - «Ուղիղ 200 տարի առաջ ստորագրվել է այդ պայմանագիրը, որով Ղարաբաղը, ինչպես նաև հարակից տարածքները միացել են Ռուսաստանին»:

Հարցին, թե Ղարաբաղյան շարժման վերաբերյալ ինչպիսի շեշտադրումներով են հանդես գալիս գիտաժողովի օտարերկրյա բանախոսները, Ղուլյանը պատասխանեց. - «Մեծամասամբ դրանք շատ դրական արձագանքներ են: Գիտաժողովը նաև առիթ տվեց, որպեսզի մենք վերհիշենք 1988 թվականի համաժողովրդական շարժման արձագանքները, որ ամբողջ նախկին Խորհրդային Միությունում տարածվել էին: Մասնագետներից ոմանց կարծիքով` գուցե ինչ-որ լիցք է տվել, որ Խորհրդային Միության համար շատ կարևոր փորձաքար էր»:

Ի պատասխան հարցին, թե հեշտ էր արդյոք ստանալ գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների համաձայնությունը` նկատի ունենալով Ադրբեջանի պահվածքը օտարերկրացիների կողմից ԼՂ այցելելու հարցում, Աշոտ Ղուլյանն ասաց. - «Լուրջ որևէ մասնագետ, քաղաքական գործիչ ուշադրություն չի դարձնում և չի էլ դարձնի այն բոլոր այն բոլոր ձևականություններին, որ այսօր փորձում է Ադրբեջանը այդպիսի խոչընդոտներով սահմանափակել օտարերկրացիների մուտքը Ղարաբաղ: Ես կարծում եմ, որ այսօրվա գիտաժողովը դրա վառ վկայություններից մեկն է: Մենք բազմաթիվ հյուրեր ունենք տարբեր երկրներից` Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չեխիայից, Ավստրիայից Հունաստանից, Կիպրոսից, Լիբանանից: Մեծամասամբ այդ մարդիկ գիտնականներ են, պատմաբաններ, քաղաքագետներ, փորձագետներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG