Մատչելիության հղումներ

Freedom House. Հայաստանը՝ ազատ ինտերնետով երկրների խմբում


Հայաստանը միակ երկիրն է այդ խմբում, որին հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը դասել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն ինտերնետում» զեկույցը, որը գնահատում է, թե որքանով ազատ, առանց սահմանափակումների և գրաքննության են գործել ինտերտետն ու սոցիալական մեդիան 2012 թվականին աշխարհի 60 երկրներում:

Ըստ զեկույցի` 2012-ին իրավիճակն ընդհանուր առմամբ վատթարացել է, ավելի շատ օրենքներ են ընդունվել, որ վերահսկում են ինտերնետ բովանդակությունը, ինչպես նաև աճել է սոցիալական ցանցերի օգտատերերի ձերբակալությունների թիվը:

Այնուամենայնիվ, զեկույցը փաստում է նաև, որ հանրությունը հնարավոր գրաքննությանն ու սահմանափակումներին 2012-ին ավելի շատ է ընդդիմացել և որոշ դեպքերում անգամ կանխել է նոր ճնշումները:

Ըստ զեկույցի` 60 երկրներից 17-ում ինտերնետն ազատ է տարատեսակ ճնշումներից, 29 երկրներում համացանցը մասամբ ազատ է, իսկ 14 երկրներում ինտերնետը խիստ վերահսկողության տակ է:

Զեկույցը 0-100 միավորների սանդղակով գնահատել է ինտերնետ հասանելության խոչընդոտները, բովանդակության սահմանափակումները և օգտատերերի իրավունքների խախտումները, որտեղ 0 միավորը ամենալավ վիճակն է, իսկ 100-ը՝ ամենավատը:

Մինչև 30 միավոր ստացած երկրները զեկույցում համարվում են ազատ ինտերնետ ունեցող, Հայաստանը 29 միավորով եզրափակում է այդ երկրների խումը, որում ընդգրկված է նաև հարևան Վրաստանը, նախկին խորհրդային երկրներից՝ նաև Ուկրաինան և Էստոնիան, մի շարք եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգները:

Ուշագրավ է, որ Հայաստանը միակ երկիրն է ազատ ինտերնետով երկրների խմբում, որին Freedom House-ը դասել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Զեկույցը հաշվի է առել հետևյալ չափանիշները. արդյոք տվյալ երկրում արգելափակվում են սոցիալական ցանցերը, կամ գոյություն ունի արդյոք կոնկրետ բովանդակության արգելք, ասենք՝ քաղաքական, կրոնական կամ սոցիալական որևէ թեմա արգելափակվում է ինտերնետում, թե՝ ոչ, արդյոք տվյալ երկրում իշխանությունները կարող են ինտերնետը պարզապես անջատել, որքանով են մանիպուլյացիաների ենթարկվում օնլայն քննարկումները կառավարական ուժերի կողմից, արդյոք գրաքննություն կամ պատիժ սահմանող նոր օրենք ընդունվել է, օրենքով թույլատրվում է արդյոք օգտատերերի տվյալների գաղտնազերծումը կամ սահմանափակվում է արդյոք ինտերնետում անանուն մնալու հնարավորությունը: Կարևոր չափանիշներից է գրառման պատճառով ձերբակալված բլոգերների առկայությունը երկրում, զեկույցը հաշվի է առել նաև, թե արդյոք կառավարությանը քննադատող կամ մարդու իրավունքները պաշտպանող կայքերը միտումնավոր խափանվել են հաքերային հարձակումների միջոցով:

Հայաստանի պարագայում զեկույցը մատնանշում է միայն այդ վերջին կետը. 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանում հաքերային հարձակումների են ենթարկվել որոշ կայքեր, օրինակ` ընտրախախտումները օնլայն ռեժիմով արձանագրող iditord.am կայքը:

Ըստ զեկույցի` Հայաստանում ինտերնետը բավական հասանելի է և մատչելի, օնլայն մեդիան գրաքննության չի ենթարկվում, թեև դրա մի մասի բովանդակության վրա ազդում են այդ կայքերը ֆինանսավորողների քաղաքական հայացքները: Հայաստանում կայքեր գրանցելը բավական հեշտ է, ինտերնետ սրճարաններում օգտատերերին չեն պարտադրում իրենց տվյալները հայտնել, անձնական տեղեկությունները կամ օնլայն նամակագրությունը կարող են բացահայտվել միայն դատարանի վճռով:

Վրաստանում զեկույցը ազատ ինտերնետի որևէ սահմանափակում կամ խոչընդոտ չի արձանագրել:

Ադրբեջանում և Թուրքիայում, ըստ զեկույցի, համացանցը մասամբ ազատ է, այդ երկրները զբաղեցնում են 100-բալլանոց սանդղակի միջնամասը: Այս երկրների կողքին 54 միավորով Ռուսաստանն է` ինտերնետը և դրանից օգտվողները այս երկում էլ լուրջ սահմանափակումների են հանդիպում:

Ադրբեջանում սոցիալական կայքերն են արգելափակվում, արգելված է նաև քաղաքական այլախոհությունը, համացանցի օգտատերերի անձնական տվյալների գաղտնազերծումը թույլատրող օրենք կա, ինչպես նաև բլոգերները ազատազրկվում են իրենց գրառումների պատճառով: Համանման դրություն է Թուրքիայում, Ռուսաստանում վիճակը, զեկույցի համաձայն, է՛լ ավելի վատ է՝ նշված կետերին ավելանում է նաև այն, որ կառավարամետ ուժերը ինտերնետ քննարկումները կարող են մանիպուլյացիաների ենթարկել և շեղել իրենց ուզած ուղղությամբ, հաճախ են նաև կոնկրետ կայքերի միտումնավոր տեխնիկական խափանումները:

Դե իսկ համացանցի թշնամի 14 երկրների շարքում Բելառուսն է, Ուզբեկստանը, Սիրիան, Կուբան, ինտերնետի ազատությունն ամենաշատը սահմանափակվում է Իրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG