Մատչելիության հղումներ

«Բժիշկների նկատմամբ հավատի պակաս կա հայերի մեջ»


«Հայկական ակնաբուժության նախագծի» հիմնադիր, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանն ասում է՝ Հայաստանը մի շատ վատ յուրահատկություն ունի:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպության հիմնադիր, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը, ով վերջին 22 տարիների ընթացքում ավելի քան 40 անգամ այցելել է Հայաստան և բազմաթիվ հիվանդների հետազոտել ու վիրահատել, ասում է, որ մեր երկիրը մի շատ վատ յուրահատկություն ունի՝ այստեղ շատերը բժիշկներին ուշ են դիմում, այդ պատճառով հիվանդներին բուժելը ավելի դժվար է: Բազմաթիվ բարդացած դեպքեր կան, ասում է նա:

«Թվում է, թե բժիշկների նկատմամբ հավատի պակաս կա հայերի մեջ: Նրանք չեն սիրում հաճախ բժշկի գնալ, և այն ժամանակ, երբ նրանք արդեն որոշում են դիմել բժշկի, շատ ուշ է լինում, ինչը չեմ կարող ասել այլ զարգացող երկրների մասին: Ես տեսել եմ, որ մարդիկ այնտեղ հաճախ են այցելում բժիշկներին»

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի շատ բնակիչներ մեզ հետ զրույցում ասում էին, որ չեն հիշում, թե երբ են վերջին անգամ բժշկի դիմել, մինչդեռ տարբեր առողջական խնդիրներ ունեն:

«Հայկական ակնաբուժության նախագծի» շարժական հիվանդանոցը շրջում է հայաստանյան գյուղերով և քաղաքներով՝ անվճար հետազոտելով և բուժելով մարդկանց: Նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքերով նման պատկերը բնորոշ է հայաստանյան գրեթե բոլոր բնակավայրերին:

«Հիվանդությունների 30-40 տոկոսի դեպքում մարդիկ չգիտեն իրենց լուրջ հիվանդության մասին և առաջին անգամ իմանում են, երբ գալիս են բժշկի մեր շարժական հիվանդանոց», - ասում է Եղիազարյանը:

Ռոջեր Օհանեսյանն ասում է, որ հիվանդները ծայրահեղ վիճակում են դիմում բժշկի:

«Հաճախ տեսնում ենք, որ նրանք արդեն տեսողությունը կորցնելու ճանապարհին են, մինչդեռ այդ հիվանդություններից շատերը ավելի վաղ հեշտությամբ կարելի էր բուժել», - ասում է ամերիկահայ ակնաբույժը: - «Այն մարդկանց, ովքեր լսում են ինձ այս պահին, կոչ եմ անում ավելի հաճախ դիմեն բժիշկներին, ինչպես որ ես եմ անում: Երբ մոտենում է իմ ծննդյան օրը, մտածում եմ, որ արդեն տարին անցել է և պետք է գնալ նորից հետազոտվելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG