Մատչելիության հղումներ

Արտասահմանցի պաշտոնյաները չեն վախենում Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելուց


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով վերջին շրջանում օտարերկրյա պաշտոնյաների այցելությունների թվի աճը` ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը նախ ասաց, որ դա արդյունք է «որոշակի հետևողական աշխատանքի»:

Մյուս կողմից` նախարարը համոզված է, որ միջազգային հանրությունը սկսել է հասկանալ, որ ղարաբաղյան հիմնահարցը զուտ տարածաշրջանային խնդիր չէ, այլև առնչվում է համաշխարհային քաղաքականությանը:

«Եվ ես համոզված եմ, որ նման հետաքրքրությունը Արցախի բնակչության նկատմամբ դրա արտահայտությունն է: Այսինքն` այսօր բոլորն են հասկանում, որ Արցախում իրոք տեղի են ունենում պետականաշինության շատ լուրջ գործընթացներ, և Արցախը մի պետություն է, որը, չնայած իր չճանաչված կարգավիճակին, կարող է հանդես գալ միջազգային ասպարեզում` որպես լուրջ և վստահելի գործընկեր», - փաստարկեց Միրզոյանը:

Նրա խոսքով` այսօր ավելի դյուրին է դարձել արտասահմանում ԼՂ ներկայացուցիչների աշխատանքը. - «Այսօր դրսում ներկայացնելու շատ բան կա, և այս աշխուժությունը նաև դրա արդյունքն է»:

Լեռնային Ղարաբաղը, հիշեցնենք, ներկայացուցչություններ ունի աշխարհի 7 երկրներում:

Նշենք, որ միայն անցած սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելել են պետական պաշտոնյաներ ու պատգամավորներ Կանադայից, Դանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից: Նրանք պաշտոնական հանդիպումներ են ունեցել Արցախի ղեկավարության հետ և հիմնականում պատրաստականություն են հայտնել օգտակար լինել ԼՂ-ին իրենց երկրներում:

Լրագրողների հետ զրույցներում նրանք հայտարարում էին, որ չեն վախենում Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG